Գնահատվե՞լ է Լիդիանի կողմից արբիտրաժ դիմելու հնարավորությունը․ կառավարությունից դժվարությամբ են «պատասխանում»

Սույն թվականի օգոստոսի 15-ին հարցում ուղարկեցինք վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ արդյո՞ք կառավարությունում եղել են մասնագիտական քննարկումներ «Լիդիան Արմենիա»-ի` միջազգային արբիտրաժ դիմելու հետ կապված, թե ոչ: Հարցումը ներկայացնում ենք ստորև

 

Օգոստոսի 20-ին կառավարությունից պատասխանեցին, որ մեր հարցումը վերահասցեագրվել է Արդարադատության նախարարությանը, որտեղից էլ կստանանք պատասխանը:

Ըստ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Եթե հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա ըստ վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի՝ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հետևաբար, օգոստոսի 26-ին Արդարադատության նախարարությունից պետք է ստանայինք կամ հարցման պատասխանը, կամ 30-րյա ժամկետի մասին գրավոր տեղեկացում:

Օգոստոսի 26

Վերոնշյալներից և ոչ մեկը չստանալով` կապ հաստատեցինք Արդարադատության նախարարության լրատվական բաժին, որտեղից Լուսինե Մարտիրոսյանը մեզ պատասխանեց, որ կգտնի կառավարությունից ելք եղած գրության համարը և մեզ կտեղեկացնի, թե ինչ փուլում է գտնվում հարցումը: Օրվա ընթացքում տիկին Մարտիրոսյանն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել և չեն գտնում կառավարությունից իրենց հասցեագրված գրությունը, որը հավանաբար մակագրվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Աշխատանքային օրվա վերջում Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ դեռ չեն գտել գրությունը և մեզ հարցման ընթացքի մասին տեղեկություն կտան հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին:

Օգոստոսի 27

Արդարադատության նախարարության լրատվական բաժինը չէր պատասխանում մեր զանգերին:

Օգոստոսի 28

Կառավարության լրատվական բաժնից զանգահարեցին և ասացին, որ երկու օր ուշացումով (օգոստոսի 26-ի փոխարեն օգոստոսի 28) մեզ ուղարկում են մեր հարցմանը 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին գրավոր տեղեկացում, սակայն կպատասխանեն հնարավորինս շուտ:

Կառավարության լրատվական բաժնի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք հարցման պատասխանը ստանալ մինչ աշխատանքային շաբաթվա վերջին օրը՝ օգոստոսի 30-ը:

Օգոստոսի 30

Զանգահարեցինք կառավարության լրատվական բաժին, որպեսզի հիշեցնենք, որ աշխատանքային շաբաթվա վերջն է և արդեն պետք է հարցման պատասխանը ստացած լինեինք: Մեզ պատասխանեցին, որ մինչև աշխատանքային օրվա վերջ կամ ամենաուշը հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին կուղարկեն մեր հարցման պատասխանը, չնայած, որ օրը ոչ աշխատանքային է։

Մինչ այժմ չենք ստացել «Լիդիան Արմենիա»-ի՝ միջազգային արբիտրաժ դիմելու վերաբերյալ կառավարությունում ծավալված մասնագիտական քննարկման մասին մեր պահանջած տեղեկությունները:

Այսպիսով, կառավարությունը շուրջ 15 օր է, ինչ չի կարողանում պատասխանել մի հարցման, որում առկա հարցադրումների պատասխանների առկայության պարագայում միայն կարող էին կառավարության և կառավարող ուժի ներկայացուցիչները խոսել արբիտրաժային դատարան դիմելու ռիսկի և վերջինիս մեծության մասին։

x