Ամուլսարի հարցում մենք վճռական ենք տրամադրված, հարցն այն է , թե որքան հեռու է պատրաստ գնալ կառավարությունը․ Յուլիա Անտոնյան |factor.am|

factor.am։ Ամուլսարի հետ կապված ստեղծված իրավիճակի և հնարավոր ելքերի շուրջ զրույց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, մշակութային մարդաբան, ազգագրագետ Յուլիա Անտոնյանի հետ։

– Որո՞նք են այն վտանգները, որոնք հուզում են Ձեզ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման դեպքում։

-Դեռ սկզբնական փուլում հնչում էին տեղական մասնագետների կանխատեսումները ու նրանք սահմռկեցուցիչ էին: Բայց դրանք դեռ զուտ բնապահպանական բնույթի էին: Երբ ավելի ես ուսումնասիրում հարցը, ապա տեսնում ես, որ վտանգները շատ ավելի բազմաթիվ են, դրանք և՛ սոցիալական, և՛ մշակութային, և՛, ի վերջո, ազգային-քաղաքական բնույթի են: Վարչապետ Փաշինյանը սիրում է կրկնել, որ նրան ընդամենը երկու հարց է հուզում․ ջրերի և Սևանի: Ես զարմանում ու զայրանում եմ նման պարզունակ մոտեցումից:

Այո, ջրերի և Սևանի աղտոտման կանխատեսումը ամենաահավորն է, ճակատագրական, որի իրականացման դեպքում Հայաստանի վրա կարելի է խաչ քաշել: Բայց կան այլ բազմաթիվ կանխատեսումներ, որոնք արդեն իրականանում են: Դրանցից մեկը Ջերմուկում և հարակից գյուղերում էկոլոգիական վարկանիշի խիստ վատթարացումն է, որն անխուսափելի է և որը կբերի մի շարք լուրջ սոցիալական խնդիրների:

Մասնագետները հոգնել են կրկնելուց, որ Ջերմուկը ավանդաբար առողջարանային գոտի է, այնտեղ մարդիկ այլ գործով համարյա չէին զբաղվում: Այնտեղ արդեն իսկ բազմաթիվ ներդրումներ են արվել, հյուրանոցներ են կառուցվում: Հանքի շահագործումը ակնհայտորեն մեծ խնդիրներ կստեղծի տուրիզմի համար:

Ոչ մի կանխատեսում, թե քանի աշխատատեղ է կորցնելու քաղաքը հանքի հետևանքով, իհարկե, չկա: Երկրորդ խնդիրը գյուղատնտեսությունն է: Գոտին բարձրլեռնային է ու գյուղատնտեսությունը այնտեղ կարող է եկամտային լինել միայն էկոլոգիականի պիտակն ունենալով: Կարծում եմ, ավելորդ է շեշտել, որ հանքի շահագործումից հետո գյուղատնտեսությունը ընդմիշտ կորցնելու է այդ հնարավորությունը: Էլ չեմ ասում, որ ընդհանրապես բավականին շատ քանակությամբ հողեր այլևս պիտանի չեն լինելու մշակման համար կամ որպես արոտավայրեր գործածվելու:

Լուրջ վտանգվելու է գինու արտադրությունը: Կորցնելու ենք տեղական մշակութային ավանդույթները: Կորցնելու ենք Կարմիր գրքում գրանցված մի շարք էնդեմիկ բույսեր ու կենդանական աշխարհի ներակայացուցիչներ: Այսինքն՝ այն ամենը, ինչը իրական հարստություն է: Չնայած, առողջապահության նախարարը համարձակորեն պնդում է, որ ապացույցներ չկան, թե իբր հանքերը վնասում են առողջությանը /թեև կան բազմաթիվ տվյալներ, որոնք աներկբայորեն վկայում են, որ այդ վտանգը կա/, նա նաև հարկ չի համարում ապացուցել հակառակը:

Այնինչ, մեր պետությունը երբևիցե չի մտահոգվել հանքարդյունաբերական գոտիներում ապրող մարդկանց առողջական վիճակի լուրջ ու երկարատև ուսումնասիրությամբ: Վիճակագրական տվյալները շատ խառն են ու հակասական, ինչը թույլ է տալիս կասկածելու, որ դրանք ճշգրիտ չեն հաշվարկած: Ու անգամ նման անհուսալի վիճակագրությունը Լոռու ու Սյունիքի մարզերում օնկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ ներկայացնում է ցուցանիշներ, որոնք կասկածների տեղիք են տալիս: Եվ, ի վերջո, հանքարդյունաբերությունը գաղութարարական քաղաքականության ամենահաջող գործիքներից մեկն է:

Ամուլսարի շահագործման պատրաստակամությունը ցույց է տալիս, որ մեր այսօրվա կառավարությունը շարունակում է շարժվել երկիր-գաղութի ճանապարհով:

– Որո՞նք են այն հիմքերը, որոնցով բացատրվում է Ձեր դիրքորոշումը։

  1. -Իմ դիրքորոշման հիմքերը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով:

    Կառավարությունը պնդում է, որ հանքի շահագործումը անվնաս է ու ռիսկերը կառավարելի են: Որո՞նք են այդ պնդման հիմքերն ու երաշխիքները: Դրանք գոյություն չունեն:

    Չկա որևէ փորձաքննություն, որը միանշանակ նման եզրակացություն ապահովեր, այնինչ գոյություն ունեն բազմաթիվ փորձագետների գնահատականներ, որոնք հակառակն են ապացուցում, անգամ Էլարդի «ուսումնասիրությունը» պարունակում է բազմաթիվ կասկածներ ու բացթողնված խնդիրներ: Աշխարհում չկա որևէ ոսկու հանքի շահագործման փորձ, որը խիստ բացասական ազդեցություն չունենար միջավայրի վրա:

    Ջերմուկի դեպքում դա նշանակում է նաև սոցիալական աղետ: «Լիդիան» ընկերությունը չունի ո՛չ համապատասխան փորձ, ոչ էլ համապատասխան հետաքրքրվածություն իր ամպագոռգոռ հայտարարությունները ի կատար ածելու: Դա կասկածելի բնույթի, օֆշորային կոմպանիա է, որի դոսյեն մեզ որևէ երաշխիք չի տալիս, «Լիդիանը» չունի որևէ վտանգավոր հանքի շահագործման հաջողակ փորձ: Որևէ երաշխիք ի վիճակի չէ տալ նաև կառավարությունը:

    Այն չունի ո՛չ ոլորտի համապատասպան օրենսդրական կարգավորում, ո՛չ էլ համապաատասխան փորձ: Այսօր մենք ունենք բազմաթիվ աղետալի իրավիճակներ ուրիշ հանքարդյունաբերական գոտիներում: Պետությունը մինչ այսօր չի կազմել այդ աղետները մեղմելու որևէ լուրջ ծրագիր, որևէ գործողություն անգամ չի ձեռնարկվել այդ աղետները վերացնելու ուղղությամբ:

    Պետությունը չի իրականացրել լայնամասշտաբ ստուգումներ գոյություն ունեցող հանքերում, հակառակը՝ այն պաշտոնանկ է արել այդ գործը սկսած տեսչության պետին: Շրջակա միջավայրի նախարարը երբեք մանրամասն չի անդրադարձել այդ հարցերին իր հրապարակային ելույթներում: Պետությունը երբեք չի անցկացրել խնդիրների ու հետևանքների ուսումնասիրություն և գնահատում գործող հանքերում:

    Այդ պարագաներում որևէ պատճառ չկա վստահելու մեր կառավարության երաշխիքներին ու պնդումներին: Հակառակը՝ կան բոլոր պատճառները նրան չվստահելու:
  2. Ակնհայտ է, որ գործարքը կնքվել էր նախորդ իշխանության հանցավոր գործելաձևի արդյունքում, կոռուպցիոն ֆոնի վրա ու ինքն էլ ունի բացահայտ կոռուպցիոն բաղադրամասեր, որոնցից ամենահայտնին են տեղական հիմնադրամին ու «Լույս» հիմնադրամի հաշվեհամարներին «Լիդիանի» կողմից խոշոր գումարների փոխանցումը, որից հետո կախարդական կերպով «Լիդիանը» ստացավ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:

    Թեև քննչականի պետը փորձում է դա ներկայացնել որպես զուտ բարեգործություն, կարծում եմ, բոլոր միջազգային ստանդարտներով դա որակավորվելու է որպես քողարկված կաշառք: Եթե քննչականի պետ Իվանյանը դա չգիտի, նա ակնհայտորեն իր տեղում չէ: Հանրության կասկածները հարուցում է այն փաստը, որ հնի կոռուպցիոն գործարքներից ազատվելու փոխարեն, մանրամասն հետաքննություն իրականացնելու ու մեղավորներին պատժելու փոխարեն, ներկա կառավարությունը գերադասում է գործը կոծկել ու շարունակել այդ վտանգավոր, հանցավոր ու կասկածելի ծրագրի իրականացումը:

  3. Ամուլսարի գործարքը ի սկզբանե իրականացվում էր ի խախտումն Ջերմուկի տեղական բնակչության իրավունքների: Նրանք չեն ունեցել բավական տեղեկատվություն հանքի վտանգների մասին, նրանց միայն երկար գործընթացից հետո են ներառել ազդակիր համայնքների ցանկում, նրանց կարծիքը երբևիցե ոչ ոք չի հարցրել, նրանց վրա անընդհատ ճնշում է գործադրվել և գործադրվում:

  4. Ներկա պահին հանքի վերաբերյալ կառավարության դիրքորոշման հանրայնացումը ուղեկցվում է մի շարք անթույլատրելի գործողություններով: Չգիտես ինչու, հանքի վտանգի/անվտանգության հարցերը հանրության հետ քննարկում են ոչ թե մասնագետներ կամ լիազորված կառավարության անդամներ, օրինակ, շրջակա միջավայրի նախարարը, այլ քննչականի պետը, որը դրա համար չունի որևէ լիազորություն, մասնագիտական ու պաշտոնական իրավունք: Ընդ որում, բարձրաձայնվող տեղեկությունները ակնհայտորեն չեն պարունակում ողջ ճշմարտությունը և քողարկում են իրականությունը:

     

Շարունակությունը՝ factor.am-ում

x