Իրենք ամեն ինչ անում են, որ մեզ տանեն բռնապետության ճանապարհով։ Մենք դա թույլ չենք տալու |lragir.am|

lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

- Պարոն Սիմոնյան, ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Արդյոք սպասելի՞ որոշում էր սա՝ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։

- Այս որոշումն անսպասելի էր այն մասով, որ ես ավելի հստակ էի պատկերացնում ՍԴ որոշումը և այսօր կարող եմ ասել՝ ինձ համար ամենակարևորն այն է, որ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը չի ճանաչվել հակասահմանադրական։ Հետևաբար, խոսք չի կարող լինել խափանման միջոցը փոխելու մասին։ Սակայն վերջնական դիրքորոշումը կարող եմ ասել միայն տեքստին ծանոթանալուց հետո։

- Բոլոր դեպքերում, ինչո՞ւ իշխանությունը քայլեր չարեց ՍԴ-ում ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Վահե Գրիգորյանը խնդիրը լուծելու տարբերակներ էր առաջարկում, մինչդեռ Արարատ Միրզոյանն ասում էր՝ դեռ չենք ծանոթացել։

- Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ երկու այլ մարդկանց մասին կարծիք հայտնեմ։ ՍԴ-ի ամենամեծ խնդիրը Հրայր Թովմասյանն է։ ՍԴ-ն այսօր ճգնաժամի մեջ է նրա պատճառով։ Այսօր ունենք իրականություն, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը մնացել է սերժառոբական ռեժիմի վերջին բաստիոնի ներկայացուցիչը։ Որքան շուտ ընկնի այդ բաստիոնը, այնքան լավ։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար, բայց կանենք օրինականության սահմաններում, այլ ոչ թե շտապելով։

- Այսինքն՝ եթե մեկ տարի առաջ անեիք դա, շտապողականությո՞ւն կլիներ։ Շատերն ասում են, որ հեղափոխությունն այդ հնարավորությունը տալիս էր։

- Մեզ համար սկզբունքային է, որ ամեն ինչ անենք օրենքի սահմաններում։ Մեզ համար սկզբունքային է, որ նրանք մեզ չկարողանան սարքել բռնապետ։ Իրենք ամեն ինչ անում են, որ մեզ տանեն բռնապետության ճանապարհով։ Մենք դա իրենց թույլ չենք տալու, որովհետև այդ դեպքում իրենք մեզ կհաղթեն։ Եթե բռնապետական քայլերով մենք գնանք առաջ, մենք կպարտվեք, եթե նույնիսկ հաղթենք երևացող մասով։ Մեր ամենակարևոր զենքը մեր սկզբունքայնությունն է, որի դեմ թե Հրայր Թովմասյանը, թե այն մարդիկ, որոնք իրեն նշանակել են կամ նվեր են տվել, թե այն մարդիկ, որ հիմա փորձում են իրենց փրկել, փորձում են քաղաքական դաշտ վերադառնալու համար իրենց ինչ-որ ձևով պաշտպանել։ Այդ մարդկանց ցանկությունն է, որ մենք գնանք սխալների ճանապարհով։ Մենք դա չենք անելու, որովհետև մեր սկզբունքայնությունը հաղթել է ու հաղթելու է։ Իրենք պարտվելու են երկարաժամկետ մասով։

Հիմա կարող են ուրախանալ, որ երկու ձևով կարելի է մեկնաբանել ՍԴ որոշումը, կարող է մի օր բաց թողնեն Քոչարյանին, բայց իրենց համար ի սկզբանե պարտված գործընթաց է, որովհետև ՀՀ քաղաքացու վրա կրակել չի լինելու այլևս, ՀՀ քաղաքացու վրա պետական լծակներ օգտագործել չի լինելու այլևս։ Երբ դատարանը որոշում է կայացնում վիճարկող կողմի օգտին, ասում են՝ վերջապես մի բան եղավ, բայց երբ հակառակն է, ասում են՝ ճնշումներ կան։ Ոչ մեկի, ոչ մյուսի ապացույցը չի բերվում, փոխարենը մեծ գումարներ են ծախսում և հանրային դաշտում մեր նկատմամբ փորձում են ատելություն սերմանել։ Չի ստացվելու։ Չի լինելու Հայաստանը բռնապետություն, լինելու է օրենքի երկիր։ Չի լինելու Հայաստանում այն իրավիճակը, որը եղել է մարտի 1-ին։ Հայաստանում ընտրություններ չեն կեղծվելու, մարդիկ չեն զոհվելու ոմանց աթոռը պահելու համար։

- Դատարանների նկատմամբ չկա վստահություն, այդ թվում Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը։

- Լուծելու ենք այդ խնդիրը և լուծելու ենք Հայաստանի համար մաքսիմալ անցնցում ճանապարհով։ Այլ կերպ չի կարող լինել։ Մեր անցած ճանապարհը, մեր աշխատանքը դրված է այն զոհասեղանին, որ ՀՀ-ում պետք է լինեն կայացած ինստիտուտներ, այդ թվում՝ դատական իշխանություն։ Ու այդ ընթացքում կարևոր չէ, թե որ պաշտոնյան իր պաշտոնը կկորցնի, արդյոք մենք հաջորդ ընտրություններին կհաղթենք կամ կպարտվենք։ Զոհասեղանին դրված է մեր ամեն ինչը, որ մենք 5 տարի հետո կամ 10 տարի հետո թողնենք ինստիտուտներ։ Այդ իրենք են վախենում պաշտոն կորցնելուց, մենք դրանից չենք վախենում։ Մեզ համար դա կյանքի ու մահի հարց է։ Իրենց չի հաջողվելու մեզ տանել այլ  ճանապարհով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ lragir.am-ում

x