271 միլիոն դրամ ծախսելով, 325 միլիոն դրամ վերադառնում է բյուջե. Ամանորի պետական ծախսերի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, «Զրույց քաղաքացու հետ» վերնագրով անդրադառնում է ամանորյա պետական ծախսերին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով մի շարք հարցերի կանդրադառնա Ազգային ժողովի ամբիոնից, որովհետեւ կարծում է՝ ԱԺ-ում իրեն հարցեր կունենան:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ 271 միլիոն դրամ հատկացվեց Երեւանի տոնական ծախսերին:

«Քաղաքացիները բազմաթիվ դժգոհություններ հայտնեցին, այն ժամանակ էլ անդրադարձ եղավ այս թեմային, սակայն այժմ կարող եմ խոսել փաստերով:

2019 թ-ի դեկտեմբերի 28-ից մինչեւ այս տարվա հունվարի վերջ մենք ունեցել ենք 9 միլիրադ 307 միլիոն դրամով ավելի շրջանառություն: Տեսեք, մենք 271 միլիոն դրամ ավել ծախսելով մենք ստացել ենք 9 միլիարդ դրամից ավելի դրամաշրջանառություն, որից միայն 4 միլիարդը՝ ՀՀ մարզերում:

Մեր ամանորյա ծախսերը շատ զբոսաշրջիկների, քաղաքացիների մղել են այցելել Երեւան: Ի դեպ, հունվարի 2-ին մենք երեխաների հետ այցելեցինք սեւան, բարձրացանք Սեւանավանք եւ չեք պատկերացնի, թե հունվարի 2-ին որքան զբոսաշրջիկ կար Սեւանում, սեւանավանքում: Այս 9 միլիարդը գնացել է կրպակներին, փոքր խանութներին, մանր առեւտրով զբաղվող մարդկանց, տաքսիները այս գումարի մեջ չեն մտնում ու պատկերացրեք, թե իրականում որքան ավելի շատ գումար է ծախսվել Հայաստանի համար:

Կա շատ ավելի կարեւոր արձանագրում. ամենամեղմ հաշվարկներով այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ շրջանառության արդյունքում, այդ շրջանառությունն ապահոված բոլոր ընկերությունները գեներացնելու են մոտ 325 միլիոն դրամի հարկ, այսինքն այս գումարը կրկին վերադառնալու է ՀՀ բյուջե: 271 միլիոն դրամ ՀՀ բյուջեից հատկացնելով, այժմ ՀՀ բյուջե է վերադառնում 307 միլիոն դրամ:

Հաջորդ տարի ավելի շատ գումար ենք ներդնելու՝ ավելի մեծ օգուտ քաղելու համար: Այս օրինակով ես ուզում եմ ցույց տալ, որ մեր քաղաքականությունը լինելու է ներառական քաղաքականություն, յուրաքանչյուր լուման ծախսվելու է այն նպատակին, որ այն շրջանառվելով ավելի մեծ օգուտ տա:

Ստացվում է՝ մենք 0 կոպեկ ծախսելով, 0 լումա ծախսելով ստացանք ավելի շատ դրամի օգուտ»,-նշեց վարչապետը՝ այս թիվը ներկայացնելով նաեւ ըստ մարզերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով