Արման Բաբաջանյանը դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց |lragir.am|

lragir.am: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար:

«Դիմում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում, ուզուրպացիա»,- ասաց նա:

Նա ընթերցեց իր հայտարարությունը, ըստ որի Սահամանդրական դատարանը փաստացի արգելակ է դարձել երկրի զարգացման ճանապարհին, քանի որ այն հանդես է գալիս որպես ոչ լեգիտիմ, հանրության վստահությունը չվայելող մարմին:

ՍԴ-ն, ըստ պատգամավորի, դեգրադացնում է ՀՀ լեգիտիմ իշխանության բնույթը, քանի որ իշխանությունը չի կարող ամբողջովին լեգիտիմ լինել, եթե լեգիտիմությունից զուրկ է դրա թևերից մկը՝ դատական իշխանությունը: Ըստ նրա՝ խորհրդարանը պետք է Սահմանադրության ու օրենքների շրջանում որոնի ու գտնի այնպիսի լուծումներ, ոչ ստանդարտ լուծումներ, որոնք վերջ կդնեն ՍԴ-ում ստեղծված ճգնաժամին ու օրինականություն կհաստատեն երկրի բարձրագույն դատական ատյանում:

«Հրայր Թովմասյանի հանցավոր արարքներին քրեաիրավական գնահատական տալու այս քայլը պետք է դառնա այս համակարգային գործընթացի մեկնարկը, բայց ամենևին ոչ միակ գործողությունը: Սահմանադրական ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ, բայց դրա հաղթահարումը սկսելու է Հրայր Թովմասյանի ապօրինի պաշտոնավարման դադարեցմամբ, որի հիմքը, հուսամ, կդրվի այս դիմումով:

Այսպիսով, այն հանցագործությունը, որի համար ես հաղորդում եմ ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազին, ուղղված է ՀՀ -ում սահմանադրական կարգի այն հիմունքների դեմ, որոնցով ամրագրված են պետական իշխանության կազմավորման ու գործունեության սկզբունքները: Իշխանության յուրաքանչյուր թևի յուրացումն ընդգրկում է քննարկվող հանցակազմի մեջ:

ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ մի խումբ անձինք ուղղակի դիտավորությամբ յուրացրել են բարձր դատարանի լիազորությունները»,- դատախազության շենքի մոտ հայտարարեց Արման Բաբաջանյանը:

x