shantnews.am: Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է գալիք գյուղատնտեսական տարվա իրենց անելիքները վերանայեն: Ավելի պարզ, պետք է որոշեն, թե ինչ ու ինչքան ցանել ոռոգման ջրի քիչ քանակության կամ ընդհանրապես բացակայության պայմաններում: Այս մասին այսօր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղվարչության պետի և ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների հետ:
Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, բացառությամբ Կառնուտի ջրամբարի, ջրի մեռյալ ծավալ է: Այս վիճակում ջրամբարները գնացել են ձմեռացման: Տեղումների բացակայությունը թույլ չի տվել ջուր կուտակել, և ջրօգտագործող ընկերությունը բարձրաձայնում է գարնանը ոռոգման ջուր տրամադրելու անհնարինության մասին:
Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները Շիրակի մարզում սովորաբար ավելի ուշ են սկսվում: Մարտի վերջերին են սկսում հաշվել, թե ինչքան ջուր կա ու որքան տնտեսության կհերիքի: Այս տարի ոռոգման սեզոնի նախապատրաստությունների մասին խորհրդակցությունը հունվարի վերջին է: Բայց ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչները ոչ թե եկել էին ասելու, թե եղած ջուրն ինչպես են տնօրինելու, այլ վատ լուր հայտնելու` Շիրակի մարզի ջրամբարներում ջուր չկա:
«Ջուր չենք ունենալու երևի թե, մինչև այսօր ջրամբարները կիսադատարկ են: Ներկայիս վիճակով շատ վատ է: Արփի լճում ջուր չկա: Կառնուտում շատ քիչ է , իսկ եթե Արփի լճում ջուր չկա, հետևաբար Կառնուտը լցնելը մի քիչ դժվար կլինի: Եթե ջրամբարները դատարկ են, Ախուրյանը մինիմում ջուր կունենա, կարելի է ասել` չի ունենա: Սեզոնի ընթացքում Ախուրյան գետը 1 մետր խորանարդ էլ չկա: Այդ 1 մետր խորանարդով մենք ոչինչ անել չեն կարող»,- ասել է «Շիրակ ՋՕ» ընկերության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:
Մեռյալ ծավալից ավելի ջուր կա միայն Կառնուտի ջրամբարում: Աշնանը կարողացել են դոտացիոն մուտքերի հաշվին մինչև 6 մլն խորանարդ մետր ջուր կուտակել: Կառնուտի համար դոտացիոն է Արփիի ջրամբարը, որտեղ նույնպես մեռյալ ծավալ է: Այստեղ տեղումների բացակայությանը գումարվել է նաև ջրթողը, որը կատարվել է աշնանը՝ պատվարի վերանորոգման աշխատանքների համար:
Ջրօգտագործողների հետ պայմանագրեր չեն կնքել: Ջրամբարների լցվածությունն այնպիսին է, որ որևէ ջրօգտագործողի ջուր չեն կարող տրամադրել: Սա էլ վտանգում է աշնանացանը: Գարնանը գյուղացիները հացահատիկի ոռոգման համար ջրի հայտ են ներկայացնելու, բայց ջրօգտագործող ընկերության ղեկավարը վստահ չէ, որ կկարողանա հայտերը բավարարել:
Քննարկման ընթացքում որոշում կայացվեց գրություններ ուղարկել համայնքներին, որ գյուղապետերը գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին իրազեկեն ցանք կատարել` հաշվի առնելով ջրի սակավությունը:
«Կոչ եմ անում բոլոր գյուղացիներին կատարել ճիշտ պլանավորում և հաշվի առնել, որ այս տարի ջուրը քիչ է լինելու: Երաշտային տարի է լինելու: Եթե անցած տարի երաշտը կարող էինք կոմպենսացնել կուտակված ջրային պաշարների հաշվին, ապա այս տարի այդ հնարավորությունը չունենք»,- ասել է Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:
Քննարկմանն անդրադարձ եղավ նաև ջրամբարների ու ջրատարների վիճակին` կորուստները շատ են, վերանորոգման անհրաժեշտություն կա: Այս հարցերը, երբ ջրամբարները դատարկ են, արդեն երկրորդ պլանում են:
Համենայնդեպս, «Շիրակ» ջրօգտագործող ընկերությունը ջրամբարների ու ջրատարների վիճակը ներկայացրել է Ջրային տնտեսության կոմիտե: Վերանորոգման ծրագրերը հաստատելու և ֆինանսավորելու է կոմիտեն: