Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը |pastinfo.am|

pastinfo.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում քիչ առաջ մեկնարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրեց, որ հստակ օրակարգ չկա։ «Առաջարկներ կլինեն, որոնք կմտնեն օրակարգ»,-նշել է Մակունցը։

Պատասխանելով հարցին, կանդրադառնա՞ն արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին՝ Մակունցն ասել է.«Չեմ կարծում, որովհետեւ մենք մեր անելիքն արել ենք որպես խմբակցություն եւ այս պահին այն ՍԴ տիրույթում է, իրենք պետք է որոշեն, թե ինչ կանեն նախագծի հետ»։

Մակունցը անդրադարձել է Ալիեւի հռետորաբանության մասին հարցին՝ասելով, որ խմբակցության առանձին պատգամավորներ անդրադարձել են հարցին՝ նշելով, որ այդ հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել եւ այն որեւէ կառուցողական դաշտ չի տանում։

Լրագրողների հարցին, կքննարկեն արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությանը՝ ուղղված Արփինե Հովհաննիսյանին, Մակունցը պատասխանել է, որ խմբակցության անդամները, անկախ ամեն ինչից, ընդունելի չեն համարել եւ խոսել են անձնական վիրավորանքների անթույլատրելիության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ Անդրանիկ Քոչարյանը ափսոսանք է հայտնել, որ իր հայտարարությունը ճիշտ չի ընկալվել ։

Խոսելով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքից, նա նշել է.«Իհարկե, ընդունելի չէ ազատ խոսքի նկատմամբ որեւէ ոտնձգություն եւ ես ուրախ եմ, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ խնդրով եւ արդեն գործ կա հարուցված»։

 

x