Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին |lragir.am|

lragir.am: Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ: Նիստը նախագահող ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

Քոչարյանի փաստաբաններն այսօր միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել, կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց:

Վերջին խոսքի իրավունքն այսօրվա նիստում տվեցին Ռոբերտ Քոչարյանին, ով հայտարարեց, որ եթե իր խափանման միջոցը փոխեն, ինքը չի փախնելու:

«Ոչ փախնելու եմ, ոչ խոչընդոտելու եմ: Ես չեմ կասկածում, որ վերջում այստեղ նստածները բոլորն արդարացվելու են: Այս մարդկանց ուսերի վրա է կառուցվել մեր պետականությունը, բանակը, մեր հաղթանակաները: Եթե մենք պատրաստ ենք այս ամենի վրա խաչ քաշել, եթե որոշ մարդիկ պատրաստ ենք, մենք թույլ չենք տալու: Իսկ թույլ չտալու ճանապարհը ոչ թե փախնելն է, այլ այստեղ մնալը, այս դատական նիստերին մասնակցելն ու ներկայացնելը»,- հայտարարեց Քոչարյանը:

Նա ասաց, որ եթե փախնող լինեին, Խաչատուրովը չէր գա Ռուսաստանից: «Որևէ մեկի մտքով կարո՞ղ ա անցնի, որ Սեյրան Օահնյանը կարող է փախնել երկրից: Փախնող լիներ, ոտքը չէր կորցնի: Ամբողջ իրենց կենսագրությամբ են այս մարդիկ ապացուցել, որ այդպիսին չեն: Այս մարդկանց շնորհիվ է կայացել այն բանակը, որով բոլորը հպարտանում են»,- ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ այն փուլում, երբ իր նկատմամբ որևէ սահմանափակում չկար, անձնանգիրն իր ձեռքին էր, կարող էր մեկնել Գերմանիա բուժման նպատակով, բայց չի մեկնել, երբ քննիչն ասել է, որ նպատակահարմար չէ երկիրը լքել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն