Մենք լավ պայմաններ ունենք Ryanair–ի հետ.Տաթևիկ Ռևազյան |tert.am|

tert.am: Իրականում շատ լավ պայմաններ ունենք, որոնք ձեռք ենք բերել բանակցությունների արդյունքում: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` անդրադառնալով Ryanair բյուջետային ավիաընկերության Հայաստան մուտք գործելուն: Նա հերքել է այն լուրերը, թե կառավարությունը յուրաքանչյուր թռչողի համար ինչ–որ գումար է վճարում բյուջեից:

«Ես նորից դա կհերքեմ, իրականում մենք լավ պայմաններ ունենք Ryanair–ի հետ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընկերությանը բյուջեի հաշվին որևէ հատուկ արտոնություն չի տրվել, իսկ օդի տուրքը կհանվի, ինչպես բոլոր ավիաընկերությունների համար է արվում:

«Բոլորս պետք է հասկանանք, որ օրինակ` 35 եվրոն բուն ավիատոմսի համար է և եթե այլ ծառայություններ ենք ուզում, օրինակ՝ իմանալ որտեղ ենք նստում, մեծ ճամպրուկ վերցնել, կամ սննդի համար` այդ ամենի համար պետք է վճարենք առանձին, սակայն ուղևորն է որոշում այդ ծառայությունները ուզում է, թե ոչ»,-ասաց նա:

Տաթևիկ Ռևազյանը կարևորեց, որ մարդիկ պետք է օնլայն գրանցվեն, քանի որ եթե գան և օդանավակայանում անեն, ապա դա արդեն վճարովի կլինի: «Պետք է անպայման ճշտել ճամպրուկի չափը, թույլատրելի բեռի քաշը, քանի որ շատ փոքր ճամպրուկ է թույլ տալիս տեղափոխել»,-ասաց նա:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ իրենք չեն ասել, որ միայն 35 եվրոյով է հնարավոր թռչել, այլ միջին գինն է այդքան, սակայն դա չի նշանակում, որ թանկ տոմսեր չեն վաճառվելու, դա արդեն կախված է պահանջարկից, սեզոնից և այլ հանգամանքներից:

Ինչ վերաբերում է դեպի Մոսկվայի ուղղությանը, նա նշեց, որ բավականին շատ քանակի ավիաընկերություններ են թռչում այս ուղղությամբ, այսինքն՝ մրցակցություն կա, սակայն պահանջարկն էլ է մեծ և դրա համար էլ գինը բարձր է: Տաթևիկ Ռևազյանը նաև հայտնեց, որ դեպի Չինաստան բավարար ուղևորներ չկան, որ ուղիղ թռիչքներ լինեն:

x