Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը.Հրայր Թովմասյան

pastinfo.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը:

«Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից:

Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը:

Ողջունում եմ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքում:

x