Մենք խրախուսում ենք աշխատանքը, քանի որ վստահ ենք, որ միայն աշխատանքի միջոցով է հնարավոր հաղթահարել աղքատությունը. Զարուհի Բաթոյան

«Շատ ուրախ եմ Եվրոպական միության հետ մեր համագործակցության համար, հատկապես՝ մարդու իրավունքների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ծրագրերի ուղղությամբ: Մենք առանձնահատուկ հանձնառություն ունենք հատկապես աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, միջազգային չափորոշիչներին և կոնվենցիաներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ ուզում եմ տեղեկացնել, որ Զբաղվածության ռազմավարության մշակումն արդեն իսկ ավարտական փուլում է, իսկ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները՝ հանրային քննարկման»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարեցրի նախարարությունում ընդունելով ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը, վերանայվում են զբաղվածության պետական ծրագրերը, մշակվել և հաստատվել է Գենդեռային ռազմավարությունը:

Նախարարը հատկապես առանձնացրել է երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընացը և նշել, որ երեխայի իրավունքի իրացման վրա հիմնված այս մոտեցումն այլընտրանք չունի:

Անդրադառնալով Զբաղվածության ռազմավարությանը, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այն մշակվել է մասնակցային մթնոլորտում, միջազգային գործընկերների և տեղական կառույցների հետ համագործակցությամբ.

«Մենք խրախուսում ենք աշխատանքը, քանի որ վստահ ենք, որ միայն աշխատանքի միջոցով է հնարավոր հաղթահարել աղքատությունը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ նախարարությունը վերանայում է նաև նպաստների համակարգը, որի հիմքում ևս դրվելու է այն տեսլականը, որ զբաղվածությունը սոցիալական աջակցության տրամաբանական շարունակությունն է և հիմնական բաղադրիչը»,- նշել է նա:

ԵՄ դեսպանի հետ հանդպմանը նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացմանն ուղղված ծրագրերը, որոնք ամբողջությամբ համահունչ են ԵՄ կողմից 2020 թվականին սահմանված «Ավելի լավ կառավարում» առաջնահերթությանը:

«Ուրախ եմ տեսնելու սոցիալական պաշտպանության, զբաղվածության, աշխատանքային իրավունքների և մյուս շատ կարևոր ոլորտներում տեղի ունեցող փոփոխությունները: Ձեր գործունեության մասին խոսելիս՝ առաջին բանը, որ նշեցիք, մարդու իրավունքներն էին: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ հենց մարդու իրավունքների պաշտպանության վրա է հիմնված ԵՄ ողջ քաղաքականությունը: Այս օրերին որոշ լրատվամիջոցներ շատ են գրում այն մասին, թե, իրենց մեկնաբանմամբ, ինչ ենք մենք պատերացնում մարդու իրավունքներ ասելիս: Ուրախ եմ, որ մենք Ձեզ հետ ունենք մարդու իրավունքների հետ կապված միացյալ պատկերացում, որը վերաբերում է ներառականությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը և արժանապատիվ կյանքի հնարավորությանը»,- ասել է դեսպան Վիկտորինին:

Դեսպանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երիտասարդների զբաղվածության խնդրին, հատկապես՝ գյուղական համայնքներում: Ըստ նրա՝ արժանապատիվ աշխատանքն այն միջոցն է, որը կարող է փոխել յուրաքանչյուր մարդու կյանք:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները, որոնք առավելապես ուղղված կլինեն աշխատանքի և զբաղվածության ծրագրերին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:

x