Մանիպուլյացիաներ՝ Ամուլսարի գործով եզրակացության ներկայացման ընթացքում

«Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա, նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք»,- այս մասին այսօր հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը իր մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ ներկայացնում էր Ամուլսարի գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությունը:

Ստորև ներկայացնում ենք հրապարակված եզրակացության 5-րդ մասից ստորերկրյա ջրերին վերաբերող հատվածը:

Ինչպես տեսնում ենք, պարոն Իվանյանը ներկայացրել է պատասխանի միայն առաջին հատվածը և անդրադարձ չի կատարել հանքի մաքրման չենթարկված կոնտակտային ջրերին, որոնք, ըստ եզրակացության, կարող են շղթայական աղտոտման պատճառ դառնալ:

«Փորձագիտական խումբը ընդհանուր առմամբ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, բայց միևնույն ժամանակ առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ»,- հաջորդիվ նշեց Յուրա Իվանյանը՝ հավելելով, որ եթե նախատեսված մեղմման միջոցները, ինչպես նաև առաջարկվող լրացուցիչ միջոցառումները իրականացվեն պատշաճ, նախագծված և սահմանված կարգով, ապա շրջակա միջավարի ջրային ռեսուրսների վրա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

Յուրա Իվանյանը նաև ասաց, որ «Լիդիան Արմնեիա»-ն առաջարկվող միջացառումների գերակշռող մեծամասնությունը իր նախագծային փաթեթներում ներառել է և պատրաստակամություն է հայտնել իրականացնելու բոլոր լրացուցիչ միջոցառումները, որ որևէ աղտոտված ջուր հանքի տարածքից դուրս չգա։

Եզրակացության այն հատվածը, որը մեջբերվել է Յուրա Իվանյանի կողմից կարող եք տեսնել ստորև:

Ինչպես կարող ենք նկատել, վերջին հատվածում խոսվում է միջոցների և ծրագրերի ոչ բավարար վստահելիության, մոդելների նախագծման հիմքերի թերի գնահատման ու վիճարկելի լինելու մասին: 

Յուրա Իվանյանը ոչ լիարժեք մեջբերմամբ փորձում է մեղմել ԲՍԱԳ/ՇՄԱԳ-ի ոչ բավարար ու անորոշ լինելու փաստը, որն արձանագրված է եզրակացությունում:

Այն դիտարկմանը, որ ըստ որոշ բնապահպանների՝ փորձաքննությունը պետք է կատարվեր տարվա բոլոր եղանակներին, պարոն Իվանյանը պատասխանեց, որ փորձագետներին տրամադրվել են անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները նրանց կողմից օբյեկտիվ հետևությունների հանգելու համար։

«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քերական գործով վարույթի հետագա շարունակման համար»,- նշեց Յուրա Իվանյանը։

Այսպիսով, Յուրա Իվանյանի հարցազրույցից որոշ մեջբերումներ համեմատելով փորձագիտական խմբի եզրակացության հետ, պարզ է դառնում, որ փորձագետների կողմից արձանագրված ռիսկերը  համատեքստից կտրված են ներկացվել ասուլիսի ժամանակ: Վերջինս, իհարկե, մանիպուլյատիվ հնարք էր Յուրա Իվանյանի կողմից: 

Հատկանշական է, որ քննչական կոմիտեի հրապարակումից  մեկ ժամ անց ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է Ամուլսարի գործով փորձագիտական  եզրակացությունից հատվածներ: Հիշեցնենք, որ ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ հոդվածում գրված են նույն դրական և համատեքստից կտրված մասերը, որոնք մեջբերվել են  նաև Յուրա Իվանյանի կողմից: Ուշագրավ է, որ փորձագիտական եզրակացությունը կազմված է 5 մասից (յուրաքանչյուրը` 59 էջ)  և մեմորանդումից, որոնք ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը ուսումնասիրել  և  ներկայացրել է հանրությանը մեկ ժամում:

Աննա Սահակյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով