Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ բոլոր համայնքապետերը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ բոլոր համայնքապետերը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում: Տեղեկացնենք, որ գործող կարգավորման համաձայն` հայտարարագիր ներկայացնող համայնքապետերի թիվը սահմանափակված է համայնքի բնակչի թվով, և այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակչությունը չի գերազանցում 15 հազարը, հայտարարագիր չեն ներկայացնում:

Պատգամավորն առաջարկում է օրենքի կարգավորումից հանել այս շեմը եւ բոլոր համայնքապետերին պարտավորեցնել հայտարարագիր ներկայացնել:

«Համայնքապետերը բյուջեի առումով շատ ավելի լայն հնարավարություններ ունեն, քան շատ դեպքերում այն պաշտոնյաները, որոնք հայտարարագիր են ներկայացնում: Եվ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերը` կարծում եմ, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան կանխարգելել կոռուպցիոն չարաշահումները»,- ասաց Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքով` այժմ հայտարարագիր է ներկայացնում 3200 հանրային ծառայող, օրենսդրական փոփոխության արդյունքում նրանց թիվը 483-ով կավելանա:

Պատգամավորի ներկայացմամբ` կան 500 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներ, որոնց համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացնում:

Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր աջակցությունը հայտնեց Թանդիլյանի նախագծին` ասելով, որ այն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Պետական բյուջեից դուրս եկող ցանկացած լումա պետք է հայտարարագրվի, այդ առումով նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հայտարարագրման ինստիտուտն է´լ ավելի պետք է զարգանա»,-ասաց Վարդանյանը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ փոխանցեց Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ` ասելով, որ այն համահունչ է Կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Ձեռնարկելու ենք հաջորդական քայլեր` հնարավորինս ընդլայնելու հայտարարատու անձանց շրջանակը: Եթե ներկայումս հայտարարատու անձինք են համարվում պաշտոնատար անձը, նրա ամուսինը, անչափահաս զավակը, համատեղ բնակվող ֆիզիկական անձը, ապագայում հայտարարատու անձ կլինեն նաև պաշտոնատար անձի հայրը, մայրը, քույրը, եղբայրը` անկախ նրանից` համատեղ են բնակվում, թե ոչ»,- ասաց փոխնախարարը:

Նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանի խոսքով` ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականին, հետևաբար բոլոր համայնքապետերը 2019 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն, ինչը կոռուպցիոն առումով կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ:

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

x