Ռուսական Рен ТВ-ն խեղաթյուրում է հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները |fip.am|

fip.am: Ռուսական Рен ТВ հեռուստաալիքը նոյեմբերի 10-ին ռեպորտաժ է հրապարակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին։ «Քոչարյանը մնում է կալանքի տակ. դատարանների վրա ճնշում են գործադրում» վերնագրով, շուրջ 9 րոպե տևողությամբ ռեպորտաժում լրագրող Վիկտոր Սինեոկը հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ պնդումներով։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան մասին

Լրագրողը անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան խուզարկությանը՝ ներկայացնելով այն որպես Թովմասյանի վրա ճնշում։ «Իսկ ահա Սահմանադրական դատարանի նախագահի վրա, որը Քոչարյանի գործով հայտարարությամբ էր հանդես եկել, սկսեցին ճնշել հարազատների միջոցով՝ առաջինը զննելով Թովմասյանի 75-ամյա հոր ունեցվածքը»,- նշում է լրագրողը և շարունակում. «Դարակերտ գյուղում գտնվող այս տունը ոչնչով չի տարբերվում հարակից տներից՝ 70-ականներին տալիս էին տիպիկ առանձնատներ, սակայն հենց սա հրավիրեց քննիչների ուշադրությունը, ավելի ճիշտ՝ ոչ թե տունը, այլ տան տանիքը»։

Լրագրողը այնուհետև ներակացնում է տան կահույքը, դեպի տուն տանող նեղ միջանցքը և այլ մանրամասներ՝ չնշելով այն հանգամանքը, թե ինչու է իրավապահ մարմիններին հետաքրքրել Հրայր Թովմասյանի հորը պատկանող տան տանիքը։ Մինչդեռ, Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել էր, որ Թովմասյանի հոր տուն այցելել են, քանի որ ապացույցներ են ձեռք բերվել տան տանիքի վերանորոգման աշխատանքների ժամանակ իրականացված չարաշահումների վերաբերյալ։

«…2012-2014 թթ. ընթացքում Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան, Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ վերակառուցման շինաշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի վերանորոգման ընթացքում թույլ տրված յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակում տվյալներ են ստացվել, որ նշված շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ է հատկացվել և շինաշխատանքներ կատարվել, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից»,- ասվում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։ Փաստացի, լրագրողը մանիուպուլացնում է գործը։

Քոչարյանին ներկայացված մեղադրանքի մասին

Այսպես, լրագրողը, անդրադառնալով Քոչարյանին՝ կրկին կալանքի տակ թողնելու դատարանի որոշմանը, նշում է, որ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին Սահմանադրական կարգի տապալման մեջ՝ չնշելով սակայն, որ երկրորդ նախագահը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։

Փաստացի, Քոչարյանին առաջադրվել է մեկ մեղադրանք երկու դրվագով՝ սահմանադրական կարգի տապալում և կաշառքի ստացում։                                             

Կարդալ ավելին՝ fip.am։

x