Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հաջողություններին և ձեռքբերումներին: Քննարկվել է ֆրանսիական կապիտալով Հայաստանում առկա ընկերությունների գործունեությունը: Ջոնաթան Լաքոթը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպություններ ևս Հայաստանում ներդրումներ ունենալու հարցում հետաքրքրություն են հայտնել:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալող հնարավոր նոր ֆրանսիական կազմակերպություններ ունենալու գաղափարը և ընդգծել, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում մեր երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայր և ճիշտ գործարար մշակույթ զարգացնելու ուղղությամբ:

x