Մեղադրող դատախազը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի գործով դատավորին |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործի անջատված մասով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը համաձայն որի՝ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց։

Նիստի մեկնարկին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց․ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ դատավորի անաչառության նկատմամբ: 2019 թվականի մայիսի 21-ին հոդված է տպագրվել, որ դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս»։

Մեղադրողը հիշեցրեց, որ դեռևս մայիս ամսին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարվել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը։ Դատավորը հետագայում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ իրեն զրպարտելու համար և պահանջել էր, որպեսզի հրապարակման հեղինակը հրապարակի իր աղբյուրը։

Գևորգ Բաղդասարյանն այսօր դատարանում ասաց, որ ԱԱԾ-ում այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և պետք է դեռ քննություն իրականացվի՝ պարզելու որքանով էր այս հրապարակումը համապատասխանում իրականությանը։ Հենց այս հիմքով էլ դատախազը միջնորդեց դատարանին ինքնաբացարկ հայտնել։ Մյուս դատախազն ու տուժողների ներկայացուցիչները միացան միջնորդությանը։

 

 

x