Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակամուտ |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Շիրակամուտ համայնք: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է. այցելում եմ Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին»։

Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք:

ՀՀ վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:

«Մենք պետք է զարկ տանք սուբվենցիոն ծրագրերին, որոնց մասնակցում է և՛ կառավարությունը, և՛ բնակիչը, և՛ համայնքապետարանը: Սա համագործակցության կարևոր ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետք է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի պետական միջոցներն արդյունավետ ծախսվեն:

Բնակիչները բարձրացրեցին երկրաշարժից տուժածների բնակարանների հարցը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական գործող ծրագրով պարտավորությունները եկող տարի ավարտվում են, սակայն նորից ուսումնասիրություն է կատարվելու՝ հասկանալու, թե որքան ընտանիքներ են մնացել, ում երկրաշարժից հետո չի փոխհատուցվել: «Պետական գործող ծրագրի ավարտվելն ամենևին չի նշանակում, որ թեման փակվեց, մենք կրկին անդրադառնալու ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

x