Վարկեր և պարտքեր՝ մեծ բիզնեսի խոստումով |hetq.am|

hetq.am։ Արամ Փանոսյանն այն մարդկանցից մեկն է, որը հավատալով, որ սեփական բիզնեսը սկսելով կարճ ժամանակում հաջողության կհասնի, երկու տարի առաջ դուրս եկավ իր հիմնական աշխատանքից, բանկից վարկով գումար վերցրեց, «Օնիքսում» ընկերությունից գնեց հյուրանոցային հանգստի փաթեթ, այդկերպ դառնալով կազմակերպության անդամ՝ փորձեց սկսել սեփական բիզնեսը:

Նրան կազմակերպության մասին պատմել էին իր ծանոթները, այդ ժամանակ, ըստ Արամի, կազմակերպությունը կոչվում էր «Վոդա»: Նրան առաջարկել էին կարճ ժամանակում մեծ գումարներ աշխատել: Արամից պահանջվելու էր ընդամենը հրավիրել իր ընկերներին, հարազատներին, ծանոթներին, որպեսզի նրանք էլ գնեն հյուրանոցային փաթեթ, դառնան թիմակից, որի արդյունքում Արամը կարող էր գումար աշխատել, իսկ գնած փաթեթով չորս կամ հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ անցկացնել:

«Սկզբում ասել են, որ տուրիստական գործակալություն է, որը զբաղվում է հյուրանոցային փաթեթների վաճառքով, հետո երբ գնացի իրենց օֆիս, պարզվեց, որ ես պետք է փաթեթ գնեմ, այդկերպ ներդրում անեմ բիզնես սկսելու համար, մինիմալը մոտ 400 հազար դրամի սահմաններում:

Ես ասացի իրենց, որ այդքան գումար չունեմ, ու իրենք տարբեր տարբերակներ առաջարկեցին գումար գտնելու՝ տանից չօգտագործվող տեխնիկա վաճառել, ոսկի գրավ դնել կամ էլ բանկից վարկ վերցնել: Համաձայնեցի վարկ վերցնելու տարբերակին, իրենց հետ բանկ գնացինք, սկզբում որոշել էի 1 միլիոն դրամ վերցնել, ավելի թանկ ու ավելի շատ միավոր ունեցող փաթեթ գնելու համար, բայց հետո փոշմանեցի ու 500 հազար վերցրի»,-պատմում է Արամը:

Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո կազմակերպության նորեկները որոշակի «դասեր» են անցնում, որոնցով նրանք պետք է սովորեն մարդկանց հետ հեշտ լեզու գտնել, ունենալ այն բոլոր հնարավոր հարցերի պատասխանները, որոնք կարող է առաջանալ այցելուի մոտ, իսկ հետո արդեն իրենք սկսեն հրավիրել ուրիշներին:

Մի քանի ամիս աշխատելուց հետո Արամը կարողացավ իր 2 ընկերներին հրավիրել կազմակերպություն, բայց նա դեռ գումար չէր աշխատել, քանի որ, ինչպես իրեն էին բացատրել, վաճառքի արդյունքում կուտակված միավորները չէին բավարարում:

«Հիասթափվել էի, ուզում էի դուրս գալ, բայց հիմա արդեն իմ 2 ընկերներն էլ էին գործի մեջ, ու ես իրենց առաջ էլ էի պատասխանատվություն զգում: Երբ իրենք էլ հասկացան, որ էս ամենը խաբեություն է, կազմակերպությունից դուրս եկան, ինձնից էլ նեղացան, որ իրենց էսպիսի պատմության մեջ եմ ներքաշել:

Էդտեղ ինչ ասես, որ չեմ տեսել. ասում էին՝ գնա էնպես արա, որ աղջիկները սիրահարվեն քեզ, համոզի, բեր, թող փաթեթ առնեն, կամ աղջիկներին սովորեցնում էին, թե ոնց իրենց պահեն ակումբներում, որ տղաների հետ հեշտ ծանոթանան, առաջարկեն փաթեթ գնել»,- ասում է նա:

Սկզբում Արամին վստահեցրել են, որ թիմային աշխատանք է, և եթե անգամ նա չկարողանա «մարդ բերել», իրենք հաստատ կօգնեն, բայց երբ արդեն փաթեթը գնել էր, ասել են, որ ամեն մարդ իր համար է աշխատում:

Փաթեթը գնելիս ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել, միայն voda.net կայքում (այժմ հասանելի չէ) հաշիվ են բացել և էլեկտրոնային հասցեին ուղարկել հավաստագիր: Փաթեթի համար վճարվել է առձեռն:

Կազմակերպությունից դուրս գալուց հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վոդա» կազմակերպության մասին հրապարակումների մեկնաբանություններում, բացասակասն կարծիքներ տեսնելիս Արամը կապվում էր մարդկանց հետ կամ երբ ինքն էր մեկնաբանություն թողնում բազմաթիվ նամակներ էր ստանում տուժողներից:

Արամի խոսքով՝ կազմակերպությունում գրանցված անդամները հիմնականում չեն կարողացել գումար աշխատել, իսկ հյուրանոցային փաթեթից օգտվել են քչերը, որովհետև ցածրակարգ պայմաններով հյուրանոցներ էին ամրագրում, չնայած նրան, որ գրանցվելիս ասել են, թե համագործակցում են միայն բարձրակարգ հյուրանոցների հետ:

«Երբ արդեն տեսա, որ շատ հեռուն են գնացել, շատ մարդկանց են խաբել, որոշեցի նրանց տեղյակ պահել, որ դիմելու եմ ոստիկանություն, բայց Էլենը, ով էդ թիմից ա, ինձ ասեց, որ իրենց մոտ Մերուժ անունով մարդ կա, ով ինձ կարա վնասի, ու ես գիտեի, թե ինքն իրանակում ինչերի ա ընդունակ, հետո կազմակերպության լիդերներից մեկից՝ Վահե Հովհաննիսյանից, անընդհատ զանգեր էի ստանում, ով սպառնում էր, որ հետքս նենց կկորցնեն, որ ոստիկաններն էլ չեն գտնի, ու ես ոստիկանություն չեմ կարա դիմեմ, որովհետև իրենք համագործակցում են ոստիկանների հետ»,- պատմում է Արամ Փանոսյանը:

Այսպիսի դեպքերի մասին մեզ պատմել են կազմակերպությունից տուժած մի շարք այլ մարդիկ, որոնք, սակայն, անձնական տարբեր պատճառներով ցանկացել են մնալ անանուն: Ստորև ներկայացված երեք տարբեր պատմություններում մեր զրուցակիցները անանուն են:

«Երբ մտել եմ կազմակերպություն, դեռ անունը չէր փոխվել, «Վոդա» էր կոչվում։ Իրենց հորդորով բանկից մեկ միլիոն դրամ վարկ էի վերցրել, աշխատանքիցս դուրս էի եկել, բոլոր նպատակներս կապել իրենց հետ։ Հետո ընկերս էր միացել ինձ, իր համար էլ էինք վարկ վերցրել, հետո վիճեցինք ու իր համար վերցրած վարկի 500 հազար դրամն էլ մնաց ինձ վրա։

Մեքենա պետք է գնեի ինձ համար, գումար էի հավաքել նախքան աշխատանքից դուրս գալս, բայց մեքենայի գումարն էլ դրեցի, որ կարողանամ վարկը փակել։ Ֆինանսապես անկախ էի, էս ամենի մասին մինչև այսօր անգամ ծնողներս չգիտեն: Ասում են, որ կանադական է կազմակերպությունը, բայց Կանադայի հետ ոչ մի կապ չունի։ Տերը պարսիկ է, անձամբ եմ տեսել ժողովների ընթացքում ու միշտ տարբեր կեղծամներ էր կրում, շշուկներ կային, որ հետախուզման մեջ է: Գնած փաթեթս չեմ օգտագործել, 2 տարի ժամկետով է, դեռ ժամկետի մեջ է, բայց հիմնականում, ոչ ոք հանգստի համար «Օնիքսում» չի գնում»,- նշում է Ա.Գ.-ն:

«Ես 8 ամիս շարունակ փորձել եմ անել էնպես, ինչպես իրենք են ասում: Իմ բոլոր բարեկամ, ընկեր, հարազատներին փորձել եմ հրավիրել, բայց անօգուտ, ոչ մեկ չի հավատացել էդ ամենին: Միայն մի հոգի ինձ հետ մտավ գործի մեջ ու հիմա ինքն էլ է դուրս եկել։ Սկզբում հույսեր են տալիս, որ կօգնեն, բայց դե ամեն ինչ շատ գունավոր է ասվում, իրականում էդպես չի։

Ես շատ դժվար եմ դուրս եկել էդ ամենի մեջից, նույնիսկ երկրից եմ 2 ամսով բացակայել, զուտ ցրվելու ու մտքերս հանգստացնելու համար: Վերջում կոտրած տաշտակի առաջ ես մնում, ամոթով ես մնում ծնողիցդ սկսած՝ մինչև ամենամոտ մարդկանց առաջ: Չէի ուզենա նորից աղմուկի ու խոսակցությունների մեջ ընկնել, անանուն եմ ուզում մնալ ավելորդ նամակներից ու զանգերից խուսափելու համար»,- ասում է Ն. Վ.-ն:

«Հրավիրողը ինձ բարեկամ էր, սկզբում չէի հավատում, ուղղակի, որ մոտ մարդ էր, մտածեցի չմերժեմ: Գնացել եմ, որ իրեն օգուտ տամ: Ես, որ գնացել էի, ինձ ասել են 2000 դոլար արժե փաթեթը, գրանցվելուց հետո իմացա, որ ավելի էժան գներով էլ կա, բայց ինձ չէին ասել: էլի շատ մարդկանց գիտեմ, որ դուրս են եկել, առաջ «Վոդա» էր կազմակերպության անունը, մոտ մի տարի առաջ դառան «Օնիքսում»:

Ոստիկանությանը բողոքներ էր եկել, դրանք կայքը փակեցին մի քանի ամսով, հետո արդեն «Օնիքսում» դարձած վերաբացվեց, էդ ընթացքում շատ մարդիկ ուղղակի հիասթափվեցին, գլխի ընկան, որ խաբեություն ա ու դուրս եկան: Իրենց ոճի մեջ ա ֆիքսվել ընկերների ու հարազատների վրա, որ հետո հանկարծ չստացվի ու դուրս գան, չբողոքեն իրենց դեմ»,- պատմում է Հ. Լ.-ն:

Ընկերութունների սեփականատերերը իրանցիներ են

«Օնիքսում» ընկերությունը, ինչպես իրենք են նշում, զբաղվում է ցանցային մարքեթինգով: Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2019թ. մայիսի 27-ին՝ որպես «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ: Գրանցման հասցեն Երևանի Երզնկյան փողոցում է: 1000 դրամ կանոնադրական կապիտալով ընկերության 1 %-ի բաժնետերն է կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհը (Mohamad Farid Zaem Zadeh), իսկ 99 %-ը պատկանում է Կանադայի Մոնրեալ քաղաքում գրանցված «11007823 ԿԱՆԱԴԱ ԻՆԿ.» ընկերությանը, որի տնօրեններից մեկը Զաեմզադեհն է, իսկ մյուսը` Յասաման Խալիլի Սամանին (Yasaman Khalili Samani): «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ի տնօրենը նույնպես Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհն է:

«Վոդա» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018թ. մարտի 27-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցոմ: 10 000 դրամ կանոնադրական կապիտալով ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը եղել է իրանցի Շաբնամ Միրզային: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալների՝ այս պահին «Վոդա» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Ի դեպ, ՊԵԿ-ի կայքում թե՛ «Վոդա»-ի, թե՛ «Օնիքսում»-ի գործունեության տեսակները նշված չեն:

«Հետք»-ի թղթակիցը, հաճախորդ ներկայանալով, պարզել է աշխատանքի մեխանիզմը

«Օնիքսում» կազմակերպությունը գործում է որպես հյուրանոցային փաթեթների ամրագրման ընկերություն, բայց կազմակերպության նպատակը ամենևին էլ հյուրանոցային փաթեթներ վաճառելը չէ: Ինչպես հայտնել են մեզ դիմած քաղաքացիները, կազմակերպության սխեման շատ նման է ֆինանսական բուրգի՝ զարգանում է երկու ճյուղով:

Կազմակերպությունում գրանցված անդամները իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին հրավիրում են, առաջարկում են գնել հյուրանոցային փաթեթ արդյունքում դառնալ կազմակերպության անդամ, ինչպես իրենք են ասում IBO (independent business owner): Հետագայում նրանք էլ իրենց անվան տակ նոր մարդկանց են գրանցում և համապատասխան միավորներ հավաքելու դեպքում գումար ստանում:

Կազմակերպության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով «Հետք»-ի թղթակիցը այցելել է «Օնիքսում» կազմակերպության գրասենյակներից մեկը, որը գտնվում է Երևանի Երվանդ Քոչար փողոցում և ասել, որ ցանկանում է գրանցվել ու դառնալ կազմակերպության անդամ:

Գրանցման ընթացքը կատարվում է 3 փուլով:

Առաջին փուլում կազմակերպության անդամներից մեկը, որը ներկայանում է որպես մասնագետ, առանձին սենյակում մոտ 2 ժամ տևող զրույցի ընթացքում հաճախորդին ներկայացնում է կազմակերպության կառուցվածքը, բիզնես սխեման, առաջարկվող փաթեթները, երկրներն ու այն հյուրանոցները, որոնց հետ համագործակցում է կազմակերպությունը: Մասնագետը նշում է, որ Երևանում «Օնիքսում»-ն ունի 5000-ից ավել գրանցված աշխատող, 15-ից ավել գրասենյակ Երևանում, մոտ նույնքան էլ մարզերում:

Այնուհետև ծանոթացնում է կայքի հետ, հետո հաշվարկում, թե այդ սխեմայով աշխատելու դեպքում որքան եկամուտ կարելի է սատանալ մոտակա տարիների ընթացքում: Խոսում են հաճախորդի երազանքների ու նպատակների մասին, ու հաշվում, թե որքան ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար սեփական մասնագիտությամբ աշխատելու դեպքում, և թե որքան կպահանջվի, եթե աշխատեն «Օնիքսում»-ում: Հաճախորդին հարցնում են, թե ինչ տպավորություններ ունի, և արդյոք հեռանկարային համարում է աշխատանքը:

Հաջորդ փուլի համար պայմանավորվում են հարմար օր ու ժամ, վերջում մասնագետը ասում է, որ ոչ ոքի տեղյակ չպահի գործի մասին, նույնիսկ ընտանիքի անդամներին, քանի դեռ չեն անցել բոլոր երեք փուլերը: Եվ եթե երեք փուլերից հետո ցանկություն լինի գրանցվելու ու անհրաժեշտություն հարազատներին տեղյակ պահելու, նրանց հետ այցելեն գրասենյակ, որպեսզի մասնագետները անձամբ նրանց բացատրեն աշխատանքի բնույթը:

Երկրորդ փուլի ընթացքում միասին դիտում են ցանցային մարքեթինգի մասին պատմող մոտիվացիոն տեսանյութեր, ցանցային մարքեթինգով զբաղվող մարդկանց հաջողության պատմություններ: Խոսում են հաճախորդի առաջիկա նպատակների ու պլանների մասին ու պայմանավորվում վերջին՝ երրորդ փուլի համար:

Վերջին փուլի ընթացքում հաճախորդն ու մասնագետը քննարկում են այն բոլոր հնարավոր տարբերակները, որոնց միջոցով կարելի է գումար գտնել, մասնագետը առաջարկում է բանկից վարկ վերցնել, թանկարժեք ապրանք վաճառել, զարդեր գրավ դնել կամ պարտքով վերցնել հարազատից: Հաճախորդին առաջարկում են տարբեր արժողության հյուրանոցային փաթեթներ, ներկայացնում, թե դրանցից, որն է առավել հարմար ու պահանջված: Մասնագետը առաջարկում է 3 տարբեր միավորներ ունեցող գրանցման տարբերակներ՝ 1vp, 3vp, 5vp, որոնցից յուրաքանչյուրը գրանցվողին տրամադրում է համապատասխանաբար 1, 3, 5 միավոր:

1vp փաթեթի նվազագույն արժեք՝ 250 000 դրամ

3vp փաթեթի նվազագույն արժեք՝ 500 000 դրամ

5vp փաթեթի նվազագույն արժեք՝ 1 000 000 դրամ

Մասնագետը պատմում է, որ վերջերս փոփոխություն է կատարվել և տասը օրվա ընթացքում, հնարավոր է գործարքի չեղարկում և լրիվ գումարի վերադարձ, եթե հաճախորդը չի ցանկանում աշխատել: Մասնագետը նաև ասում է, որ Հայաստանում «Օնիքսում»-ը ունի բանկային հաշիվներ, որոնք պահվում են «Ամերիաբանկ»-ում, իսկ Կանադայում BMO բանկում:

Այստեղ հարկ է նշել, որ դեկտեմբերի 3-ին «Ամերիաբանկ»-ը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բանկը որևէ կերպ չի համագործակցում «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ի հետ և չի հանդիսանում տվյալ ընկերության գործընկերը:

Այնուհետև թղթակցի հարցին, թե ի՞նչպես պետք է կատարվի փաթեթ գնելու համար արվող վճարումը, մասնագետը պատասխանում է, որ վճարումը կատարվում է առձեռն, քանի որ «Ամերիաբանկ»-ի հետ դեռ չկա պայմանավորվածություն փոխանցումների վերաբերյալ, փոխարենը հաճախորդի էլեկտրոնային հասցեին ուղարկում են հավաստագիր, ըստ որի՝ նա գնել է փաթեթը:

Մասնագետը նաև հաճախորդին բացատրում է, որ կազմակերպությունն աշխատում է e-wallet համակարգով, որով հնարավոր չէ գումար կանխիկացնել, դրանով միայն կարելի է փաթեթ ամրագրել, վճարումը կատարվում է առձեռն, որպեսզի վճարված գումարով կազմակերպության անդամներն աշխատավարձ ստանան: Այսինքն՝ գրանցվողը «Օնիքսում» ընկերության կայքի հաշվին գումարը վճարելուց հետո համապատասխան քանակով միավոր է կուտակում, որով նա կարող է միայն հյուրանոցային փաթեթ ամրագրել, իսկ վճարված գումարը բաժանվում է աշխատողների միջև որպես աշխատավարձ:

Երրորդ փուլից հետո հրավիրողը պարբերաբար զանգահարում է հաճախորդին, փորձում տեղեկանալ, թե ինչ պլաններ ունի և երբ է պատրաստվում սկսել գործը: Նրան նորից հրավիրում է գրասենյակ:

Երբ «Հետք»-ի թղթակիցը գնում է գրասենյակ, նրան հարցնում են, թե ինչ խանգարող հանգամանքներ կան, որի պատճառով նա չի գրանցվում: Թղթակիցը պատասխանում է, որ ծնողները դեմ են, և նա չգիտի, թե ինչպես գումար գտնել գրանցվելու համար, նրան առաջարկում են վաճառել հեռախոսը, հին համակարգիչ, տեխնիկա, կամ էլ առանց ծնողին տեղյակ պահելու բանկից ուսանողական վարկ վերցնել, թիմի անդամներից մեկը թղթակցին ուղղորդում է, որ նա գնա դեկանատ, վերցնի տեղեկանք, որը պետք է ներկայացնի բանկ ու ձևակերպի ուսանողական վարկը: Հետո թղթակիցը զանգահարում է հրավիրողին, և ասում, որ չի ուզում գրանցվել:

Այսկերպ մենք փորձել ենք սեփական փորձով հասկանալ, թե ինչ է կատարվում ընկերության ներսում:

Քրեական գործ է հարուցվել, կա մեղադրյալ

Շարունակությունը՝ hetq.am-ում

x