«Որևէ կոռուպցիոն դեպք չի կարող կոծկվել»․ Լենա Նազարյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին |factor.am|

factor.am:  Եթե նախաքննություն ընթանա և դատարանում էլ հաստատվի, ապա մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։ Այստեղ կարևորն այն է, որ մենք չենք փորձում թաքցնել, ասել, որ մեր շարքերում դա տեղի չի ունենում։ Ընդհակառակը՝ մենք բացահայտում ենք, բաժանում չենք դնում յուրայինների և ոչ յուրայինների։ Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է։ Այս մասին  նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքներին։

«Անվերապահորեն մնում ենք մեր այն սկզբունքի պահպանմանը, որ կոռուպցիան մեզ համար անընդունելի է։ Մարդիկ կարող են սխալվել, բայց սկզբունքը ոչ մեկի դեպքում չի կարող փոխվել»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով վերջերս՝ Երևանի քաղաքապետարանի շուրջ բարձրացած աղմուկին, Լենա Նազարյանը նշեց․ «Այդտեղ որևէ կոռուպցիոն գործարք չեմ տեսնում, քանի որ տեղեկատվությունը բաց է եղել։ Մեզ հայտնի են և՛ նվիրատուները, և՛ այն թույլտվությունները, որոնք նվիրատու կազմակերպությունները քաղաքապետարանի կողմից ստացել են։ Եթե համադրենք և վերլուծենք այդ տեղեկությունը, կտեսնենք, որ այդ նվերների և տրված թույլտվությունների միջև որևէ փոխկապակցվածություն չկա։ Այսինքն ՝ այդ ընկերությունները, այսպես թե այնպես, կստանային իրենց օրինական պահանջի բավարարումը, եթե անգամ նվիրատվություն չանեին, հետևապես՝ դա չի կարող կոռուպցիոն գործարք որակվել։ Կոռուպցիոն գործարքների հետ կապված հարցերը չեն մոռացվում, չենք փակում, դնում դարակում»։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրերս առաջադրված մեղադրանքի մասին, ԱԺ փոխնախագահն ասաց․ «Որևէ կոռուպցիոն դեպք չի կարող կոծկվել և անտեսվել։ Քննությունը և դատավարությունը ցույց կտան։ Իրավապահ մարմինները փաստեր ունեն իրենց ձեռքի տակ, եթե նման մեղադրանք են հնչեցնում։ Պետք է սպասենք ՝ մինչև հանրությանը փաստեր կներկայացվեն»։

x