Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը |pastinfo.am|

pastinfo.am:  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցելու մասին։

Այսպես՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը, որով խնդրել է նոր հանգամանքի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 15.10.2019 թվականի ՍԴՈ-1480 որոշման հիմքով հարուցել թիվ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշման վերանայման վարույթ:

Փաստաբանը խնդրել էր վերանայել Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշումը, այն բեկանել, փոփոխել, Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել կալանքից, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռ.Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին, սահմանելով գրավի ողջամիտ չափ:

«Ուսումնասիրելով պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը և ստացված քրեական գործի հավելվածը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը պետք է մերժել»,- նշված է Տիգրան Սահակյանի դեկտեմբերի 2-ի որոշման մեջ՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված է ՀՀ վճռաբեկ դատարանը:

x