Ուսուցչանոց [#3] Ավագ դպրոցներ ունենալու համակարգը կոտրեց գիտության մեջքը [Երևանի թիվ 114 ավագ դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի և կրթական ոլորտում փոփոխությունների թեմաներով։

- Ինչպե՞ս է ստացվում ձեր աշխատանքը նոր սերնդի հետ։ Շատ հաճախ ուսուցիչներն ասում են, որ նոր սերնդի հետ աշխատելու համար անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ, դասագրքեր։ Ո՞րն է ձեր կարծիքն այս հարցի շուրջ։

Ֆիզիկայի ուսուցչուհի տիկին Ներսիսյան-Դասագիրքը կազմված է այնպես, որ երեխաները չսիրեն ֆիզիկա առարկան։ Գրված է բարդ լեզվով, անգամ ուսուցիչը կարող է դժվարանալ։ Կես էջում գրվում է մեկ միտք և երեխան այն պետք է յուրացնի։ Սա անհնար է։

- Ի"նչ եք կարծում՝ Ձեր աշխատանքը բարդանում է նաև այն պատճառով, որ աշխատում եք ավագ դպրոցի աշակերտների հետ։

Ֆիզիկայի ուսուցչուհի տիկին Ներսիսյան - Անպայման,  որովհետև ես հիմնական դպրոցում տարրական լեզվով երեխային սովորեցնում էի ֆիզիկայի տառերը, իսկ ավագ դպրոցում արդեն նախադասությունները։ Հիմա երեխաները գալիս են տարբեր դպրոցներից և ասում, որ այդ թեման չեն անցել։ Վստահ եմ, որ անցել են, բայց ես այլ փաստ չունեմ։ Ավագ դպրոցներ ունենալու համակարգը կոտրեց գիտության մեջքը։

Հայոց պատմության ուսուցչուհի տիկին Ղալինյան -Հայոց պատմությունը նույնպես շատ բարդ է, գրքի լեզուն բարդ է, խտացված, չեն կարողանում հիշել։ Բացի սա, տարբեր հոսքեր կան։ Խնդիր է նաև այն, որ գնում են բուհ այլ դասագրքով, հոսքում՝ սովորում են այլ դասագրքով։ Փորձում ենք ավելի հեշտ միջոցներով երեխաներին սովորեցնել։

-Քննարկվում է նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան միացումը Հայոց պատմություն առարկաին։ Ըստ ձեզ՝ սա որքանո՞վ է արդյունավետ միջոց։

Հայոց պատմության ուսուցչուհի տիկին Ղալինյան - Հայոց եկեղեցու պատմությունը մենք անցնում ենք նաև Հայոց պատմության համատեքստում, իսկ որպես առանձին առարկա անցնում ենք ավելի մանրամասն։ Իհարկե կարող ենք անցնել միայն Հայոց պատմության առարկայի համատեքստում՝ առանց խնդիրների։

-2018 թվականին տեղի ունեցած դեպքերից հետո շատ է շեշտվում, որ հեղափոխություն եղավ տարբեր ոլորտներում։ Ձեր կարծիքով ի՞նչ է փոխվել կրթական ոլորտում և ի՞նչ փոխվեց այս ուսուցչանոցում 2018 թվականից հետո։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Թորոսյան - Իմ կարծիքով փոխվեց երեխաների մտածելակերպը, որոշ չափով փոխվեց արժեհամակարգը, բայց սա ուներ նաև բացասական կողմ։ Այսօր երեխաները չափից դուրս ինքնավստահ են, ուսուցիչների ձեռքին չկան լծակներ ազդելու այդ բացասական կողմերի վրա։

Ավագ դպրոցներ են գալիս տարբեր դպրոցներից և գալիս են այն տարիքում, երբ բոլորը ցանկանում են ինքնահաստատվել։ Կանգնում ենք այն խնդրի առջև, որ երեխայի հետ պետք է աշխատել և՛ հոգեբանորեն, և՛ նրա գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ։ Պետք է աշխատել և նաև դաստիարակել։ Քանի՞ ուղղությամբ պետք է աշխատի ուսուցիչը՝ չունենալով ձեռքին որևէ լծակ։ Աշակերտին մենք անձնապես չենք վիրավորում, բայց նա կարող է իրեն այնպես պահել, որ հունից հանի քեզ, բաց մենք մեզ զսպում ենք։

Հիմա աշակերտները գիտեն իրենց իրավունքները, բայց պարտականությունները չգիտեն։ Հաճախ ծնողների հետ ենք խոսում, բայց այսօրվա դրությամբ ուսուցիչները անպաշտպան են։ Ավագ դպրոցը ունի լրջագույն խնդիրներ և ամեն օր այդ անջրպետն ավելանում է։ Չնայած այս ամենին՝ մենք լրջագույն խնդիր չենք ունեցել մեր աշակերտների կամ իրենց ծնողների հետ, որովհետև ունենք շատ լավ հոգեբան-ուսուցիչներ։

- Բոլորս էլ առնչվել ենք այս ոլորտի հետ և գիտենք, որ ուսուցչի աշխատանքը բարդ է, աշխատավարձը ցածր, և մենք խնդիր ունենք երիտասարդ կադրերի ներգրավվածության հետ կապված։ Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել, որ այս աշխատանքը գրավիչ լինի նոր սերնդի համար։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Թորոսյան - Առաջին հերթին, արդեն նշեցինք, ուսուցչի պաշտպանվածությունը։ Պրակտիկանտներ շատ ենք ունենում, ովքեր հիանում են մեր դպրոցով, բայց ոչ մեկ չի համաձայնվում աշխատել այստեղ։ Եթե ինձ հարցնեն, թե ես ինչ կփոխեի՝ միայն կասեի, որ պետք է հետ բերել սովետական կրթական համակարգը, բացառապես միայն կրթական համակարգը և դասգրքերը։ Այն ազատությունը, խոսքի ազատությունը, որն ունի աշակերտը շատ ընդունելի է, ինֆորմացիայի մեծ հոսքը, աշակերտի մտքի զարգացումը իհարկե դրական են։

Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում

Զրուցել ենք նաև Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ։ 

- 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետք է իրավիճակ փոխվեր նաև կրթական ոլորտում։ Ի՞նչ դրական և բացասական փոփոխոթյուններ եղան և ի՞նչ տեսլական ունեք։

- Փոփոխություն եղավ ընդհանրապես ամբողջ երկրում է և ոչ միայն դպրոցներում։ Իմ կարծիքով՝ դրական պետք է լինեն դրանք։ Մեր կոլեկտիվը շատ լավ, համերաշխ է եղել և այդ առումով փոփոխություն չի եղել։ Երկար տարիներ մենք աշխատում ենք միասին։

Նախկինում ես այս դպրոցում եղել եմ ուսուցիչ, հետո՝ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։ Այդ երկար աշխատանքային տարիների ընթացքում կոլեկտիվի համերաշխությունը շատ լավ, բարձր հիմքերի վրա է։ Այստեղ այսպես է՝ «Մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար» ։

Կա մի բան, որի մասին խոսվում է և նաև նախարարն է այդ մասին խոսում, որ նախկինում դպոցները եղել են քաղաքականացված։ Մեր դպրոցում երբևէ որևէ ուսուցիչ քաղաքականացված չի եղել և շարունակվում է այդպես, և երբևէ որևէ ուսուցիչ չի կարող ասել, որ իրեն տրվել է հանձնարարություն, որովհետև ինձ նույնպես չի տրվել։ Ես չեմ արել քաղաքականացված քայլեր։Շատ լավ է, որ մեր կոլեկտիվը մաքուր է եղել նաև այդ առումով, և իրար երեսի նայել ենք շատ պարզ։ Ես միշտ, տարբեր ժամանակներում տարբեր բաներ եմ լսել և ուրախացել եմ, որ մենք չկանք այդ ամենի մեջ։ Այդքան տնօրենի զանգել էին, ձայնագրել էին։ Ինձ նույնպես զանգել են, չեմ կարող հակառակն ասել, բայց ես միանգամից ասացի՝ «Ի՞նչ ցուցակ։ Ես չեմ ասել՝ ինձնից ցուցակ չուզեք»։ Մենք սովոր չենք եղել նման բաների և այդ առումով մեր դպրոցում միշտ հանգիստ է եղել։ Այսօր ես լսում եմ, որ դպրոցները մաքրված են, դպրոցներում քաղաքականություն չկա, դպրոցների աշխատանքն այնքան շատ է, որ այդ ավելորդ հոգսը որևէ տնօրենի և ուսուցչի հարկավոր չէ։

- Որո՞նք են ավագ դպրոցի ղեկավարման դժվարությունները

- Գիտեք, բոլոր ժամանակներում ավագ տարիքի հետ բնականաբար ավելի դժվար է եղել, քան միջին կամ տարրական դասարանների աշակերտների հետ։ Փորձը ունեցել ենք և, կարծես թե, մեծ դժվարություններ չեն եղել։ Այստեղ մի փոքր դժվարություն կա, որ 9 տարի այլ դպրոցներում սովորող երեխաները գալիս են այլ դպրոցներ և իրենք՝ մասնավորապես տղաները, խնդիր ունեն կայանալու։ Սկզբի ամսիներին մի փոքր բարդություն լինում է, բայց այն շատ արագ հարթվում է։ Աշխատանք են տանում և՛ դասղեկները, և՛ տնօրինությունը։ Հիմնականում իրենց բացատրում ենք, որ այդպես չեն կայանում։

-Նշեցիք, որ երկար տարիներ է աշխատում եք այս դպրոցում, հաջորդ հարցիս կարող եք պատասխանել՝ առհասարակ, կամ Ձեր օրինակով։ Ե՞րբ պետք է ղեկավարը լքի իր պաշտոնը կամ այն փոխանցի նոր սերնդին։

- Իմ կարծիքով, շատ բանական անձ պետք է լինի և, երբ հասկանա, որ ինքը հոգնած է՝ ոչ միայն ֆիզիկական առումով, այլ տարբեր առումներով, ինքնուրույն պետք է հեռանա։ Չպետք է բանը հասնի նրան, որ ղեկավարին հեռացնեն։ Պետք է ավյունով աշխատել։ Իհարկե, երկար տարիների աշխատանքն էլ ունի դրական կողմ՝ փորձառությունը, բայց լինում են նաև տարբերակներ, որ տարիներն էլ ոչինչ չեն փոխում։ Այդ դեպքում, իմ կարծիքով, բարոյական է ինքնուրույն հեռանալը։

x