Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Երևանի թիվ 92 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երևանի թիվ 92 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հղվող անհարկի շահարկումների առնչությամբ նախարարությունը հարկ է համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:

Նախ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ՝ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական հաստատությունները, հիմնականում, համայնքային պատկանելության ոչ առևտրային կազմակերպություններ են, սա առաջին հերթին համայնքի պարտավորությունն է՝ ապահովել նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունը՝ բոլոր երեխաների համար։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս նպատակով համայնքներն օժտված են անհրաժեշտ լիազորություններով և գործիքներով, ինչպես, օրինակ, համայնքային բյուջեներից համապատասխան միջոցները, սուբվենցիոն ծրագրերը և այլն։

Երևանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հատուկ խմբերի ֆինանսավորման առնչությամբ հայտնում ենք, որ այն 2019 թվականի ընթացքում իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նշված ՀՈԱԿ-ի՝ դրամաշնորհային մրցույթով այդ ծառայությունների տրամադրման համար ընտրվելու արդյունքում՝ հստակ ժամկետով։ Մասնավորապես, ՀՈԱԿ-ի հետ կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որում հստակ ամրագրված է եղել դրա գործողության վերջնաժամկետը՝ 31.12.2019 թ., և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրացրել է իր պայմանագրային պարտավորությունները մինչև դրանց ժամկետի ավարտը:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Օրինակ՝ ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված կատարողականների համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ ծրագիրը ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտով և կնքված պայմանագրով նախատեսված է եղել 23 երեխայի համար, համապատասխան ծառայություն մատուցվել է ամսական միջինում 15 երեխայի: 2019 թվականի տարեսկզբից թերի կատարողականի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրավոր և բանավոր դիմել է ՀՈԱԿ-ին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացվել, ավելին՝ ստացվել են տարաբնույթ բողոքներ մանկապարտեզում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ (առկա են նաև բազմաթիվ հրապարակումներ զանգվածային լրատվամիջոցներում)։

Նախարարությունը նաև իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել ներառական կրթության կազմակերպման ձևի հանդեպ՝ խնդրահարույց համարելով նախաներառականության կիրառվող մոտեցումը։ Այս խնդիրների մասին դեռևս 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախարարության կողմից գրավոր տեղեկացվել են թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ ՀՈԱԿ-ը։ Տարվա ընթացքում նախարարության աշխատակիցները մի քանի հանդիպումներ են ունեցել ՀՈԱԿ-ի աշխատակիցների և ծնողների հետ՝ նաև բանավոր պարզաբանելով նախարարության դիրքորոշումը։

Բացի այդ, 2019 թ.-ին բազմիցս հայտարարվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ:
2020 թվականի բյուջետային հայտի կազմման ընթացքում նախարարությունը որդեգրել է երեխաներին ուղղված ներառական ցերեկային ծառայությունների՝ ողջ հանրապետությունում ընդլայնման գործընթաց և դրա շրջանակներում, հավատարիմ մնալով այս սկզբունքին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թ.-ի վերջին կազմակերպել և իրականացրել է ավելի քան 138 դրամաշնորհային մրցույթ՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ երեխաների ցերեկային և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման նպատակով:
Հարկ է նշել, որ մրցույթների արդյունքում երեխաներին ուղղված ծառայություններ կգործեն նաև այն համայնքներում, որտեղ մինչ այս դրանք չեն եղել։ Մրցույթները բաց են եղել բոլոր հավաստագրված կազմակերպությունների համար, սակայն վերոնշյալ ՀՈԱԿ-ը դրանցից որևէ մեկին մասնակցության հայտ չի ներկայացրել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատում է Հայաստանի Հանրապետության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ լինելը և ընդգծում հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների՝ համայնքում ապրելու և ներառվելու իրավունքի կարևորությունը՝ առանց մեկուսացման (բացառման)։

Նախարարությունը հարկ է համարում հիշեցնել, որ նախադպրոցական հաստատությունները չեն գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում, իսկ նախարարությունն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար չունի նախադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող գործառույթներ»։

x