Ատելության ցանկացած խոսք, սպառնալիք կամ բռնության կոչ անթույլատրելի է. Արման Թաթոյանը՝ ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ ելույթի հետ կապված աղմուկի մասին |tert.am|

tert.am։ Ատելության ցանկացած խոսք, սպառնալիք կամ բռնության կոչ անթույլատրելի է: Այս երևույթը հատկապես նկատելի է սոցիալական մեդիայում: Ատելությունը, սպառնալիքը կամ բռնության կոչը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով:

Այս մասին նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի՝ Ազգային ժողովում ելույթ ունենալուց հետո առաջացած աղմուկին, ինչպես նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարքագծին, նրա՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ քննարկումներին:

ՄԻ պաշտպանի պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից: Ըստ այդմ, պետության իրավասու մարմինները կրում են հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ յուրաքանչյուրի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ապահովման պարտականություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խորհրդարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած քննարկմանը հաջորդած իրադարձություններից անմիջապես հետո կապի մեջ է եղել Ոստիկանության հետ: Ոստիկանությունը ձեռնարկել է պահանջվող անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ նախաձեռնել է նյութերի նախապատրաստման վարույթ՝ սպառնալիքների ու բռնության կոչերի առնչությամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել քաղաքացու անձնական անվտանգության ապահովման ուղղությամբ:

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունն ունի կարևորագույն նշանակություն: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որն ուղղված է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը: Հանձնաժողովի հետ համատեղ արդեն իսկ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր (քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում վիճակը և այլն): Այդ հանձնաժողովի գործունեությունը երկրի համար ունի կարևոր նշանակություն, քանի որ դրա ստեղծմամբ պետությունն առավել ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանությանն իր հանձնառությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր արդյունավետ աշխատանքն ինչպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, այնպես էլ խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ:

Խորհրդարանից բացի, շարունակական է լինելու Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը նաև ՀՀ կառավարության հետ: Պաշտպանը լիարժեք աջակցություն է ցուցաբերելու կառավարության այն ջանքերին և իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երկրի իրավապաշտպան համակարգի բարելավմանը»,-ասված է պատասխանում:

 

x