Կանխարգելել հետևանքների վերացման փոխարեն. նոր պլատֆորմ Երևանի և Տավուշի բուժհաստատությունների միջև |armenpress.am|

armenpress.am: Տավուշցի երևանաբնակ առաջավոր բժիշկների և բուժհաստատությունների ղեկավարների հետ կայացավ հանդիպում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:

Հանդիպմանը ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով ընդգծեց, որ հանդիպումը միտված է լինելու ստեղծել որոշակի պլատֆորմ, որը թույլ կտա սերտացնել կապը հանրապետական նշանակության առողջապահական հիմնարկների և Տավուշի բուժհաստատությունների միջև:

«Մենք շատ մեծ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, և այս առումով պետք է աշխարհագրություն չլինի: Առողջապահության ոլորտը մեզ համար կարևոր է, քանի որ մենք սահմանամերձ գոտում ենք ապրում: Պետք է այնպես անել, որպեսզի և՛ պատերազմական, և՛ խաղաղ իրավիճակներում ունենանք համապատասխան ռեսուրսներ ժողովրդին բարձր որակի բժշկական ծառայություններ մատուցելու համար»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև հանրային առողջապահությանը՝ կանխարգելել հետևանքների վերացման փոխարեն:
«Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը նշեց, որ տվյալ նախաձեռնության շրջանակում լինելու են տեղի բժիշկների վերապատրաստումներ, մշտական այցեր Տավուշ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերում կադրերի խնդիր ունենք, Տավուշի մարզպետի նախաձեռնությամբ որոշում է կայացվել՝ հավաքել ծննդով տավուշցի բժիշկներին և ստեղծել մի միավորում, որը կարող է օգնել Տավուշի մարզում բժշկության զարգացմանը: Լինելու են տեղի բժիշկների վերապատրաստումներ, մշտական այցեր Տավուշ, համատեղ հետազոտություններ: Կարծում եմ, որ այդ ամենը կնպաստի բժշկական ծառայության որակի բարելավմանը»,- ասաց Ադամյանը:
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությամբ իրենք նպատակ ունեն բժշկության ոլորտում փոփոխություններ իրականացնել, այն զարգացնելու ուղղությամբ:

x