Հայաստանում բռնությունից տուժած կանանց տրամադրվող մեկ ապաստարան կա․ Մարո Մաթոսյան

Կացարան չունենալը մեկն է այն պատճառներից, որ կանանց ստիպում է չբարձրաձայնել ընտանեկան բռնության մասին։ Շատ հաճախ կանայք չգիտեն՝ ում դիմել, երբ հեռանում են բռնարարից և անհրաժեշտություն է լինում ժամանակավորապես այլ կացարանում ապրելու։

Ի՞նչ են իրենից ներկայացնում կանանց աջակցման կացարանները:

Կանանց աջակցման կացարանները, ինչպես նշում է «Կանանց աջակցման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը, ընդունում են ընտանեկան բռնության զոհերին՝ տրամադրելով աջակցություն և խորհրդատվություն։ Այս ապաստարաններում կանայք կարող են ապրել այնքան ժամանակ, մինչև կարողանան լուծել խնդիրները և բարելավել ֆինանսական վիճակը։ Այդ կացարանները հիմնում և աշխատեցնում են կանայք, ինչը օգնում է նվազեցնել բռնության ենթարկված կանանց կողմից շփման դուրս գալու դժկամությունը և պահպանում է նրանց անանունությունը։
Բռնության դեպքում որքան էլ կարևոր է օրենսդրական պաշտպանությունը, սակայն այն չի կարող փոխարինել այս ապաստարաններին։

Ո՞ր խնդիրներով դիմած կանանց են առաջնահերթ ընդունում այդ կացարաններում։

Այստեղ կացարան է տրամադրվում հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով դիմած կանանց, որ նաև անվտանգության կարիք ունեն։

Ըստ միջազգային չափանիշների, ապաստարանները պետք է բաց լինեն բոլոր կանանց համար, ովքեր դարձել են ֆիզիկական, հոգեբանական, հուզական, սեռական և տնտեսական բռնության զոհ կողակցի, նախկին ընկերակցի կամ ընտանիքի անդամի կողմից։

Բռնության ոչ բոլոր զոհերն են ցանկանում դիմել ոստիկանությանը, դատական
համակարգին և իրավական հայց ներկայացնել։ Որոշները նախընտրում են գնալ
ապաստարան և որքան անհրաժեշտ է՝ այնտեղ մնալ։ Բաժանման գործընթացում գտնվող և բռնության բարձր ռիսկի մեջ ապրող կանանց անհրաժեշտ է անվտանգ օթևան, քանի որ օրենքը չի կարող ապահովել լիարժեք պաշտպանություն բռնությունից։ Որոշ կանայք չունեն բնակարանում ապրելու հնարավորություն կամ ցանկություն՝ պայմանավորված հոգեկան տրավմաներով, ամուսնու բարեկամների՝ մոտակայքում կամ զոհի հետ համատեղ ապրելու հանգամանքով։

Սակայն Հայաստանում, օրինակ, տարածքի սահմանափակության խնդիր կա, հետևաբար ոչ մեծ թվով կանանց կարող են այս կացարաններ ընդունել ։

Հայաստանում բռնությունից տուժած կանանց տրամադրվող մեկ ապաստարան կա։ Նշում է Մարո Մաթոսյանը։ «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարանը միաժամանակ հինգ կին կարող է ընդունել՝ իրենց երեխաներով։ «Տարեկան ունենում ենք մոտ 350 կին շահառու աջակցման կենտրոնում: Ապաստարանում տարեկան տեղավորում ենք 63 կնոջ և երեխաների»,- ասում է Մաթոսյանը։

Ընդհանուր առմամբ, «Կանանց աջակցման կենտրոն»-ի տվյալներով, վերջին տարվա ընթացքում իրենց դիմել է 358 կին։ 489 կին դիմել է կանանց հկ-ներին, 970 կին՝ ոստիկանությանը։

Ինչո՞վ են ապահովում այս կացարանները, ի՞նչ հնարավորություններ են ընձեռում, արդյո՞ք միայն որպես ապաստան են ծառայում։

Կացարանում մնալը նախ և առաջ ապահովում է կանանց անվտանգությունը։ Բացի այդ, նրանք այստեղ վերականգնվում և օգտվում են կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից։ «Կանանց աջակցման կենտրոն»-ում, օրինակ, գործում է տնտեսական հզորացման ծրագիրը: Կանայք այստեղ ձեռք են բերում տարատեսակ մասնագիտացումներ, ինչն էլ ապահովվում է նրանց ֆինանսական անկախությունն ու երեխաների սոցիալական ապահովությունը։

Պետական աջակցությունը և ապաստարանները

Մինչև վերջերս պետական որևէ աջակցություն՝ կանաց ապաստարաններ տրամադրելու առումով, չի եղել։ Մարո Մաթոսյանը նշեց, որ 2019- 2020թ-ի ընթացքում նախատեսվում է ևս 1 ապաստարան հիմնել, որը ղեկավարվելու է ՀԿ-ի կողմից՝ պետության ֆինանսական աջակցությամբ:

Արդեն նախորդ ամսվա վերջին՝ մարտի 29-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ պետությունն առաջին անգամ ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց․ ««Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականից սկսած, պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց: Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը չի կարող գերազանցել 150 հազար դրամը: Այս գումարը նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման կամ աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար»,-ասված է հայտարարության մեջ։

Մարգարիտա Ղազարյան

 

x