Որսի արգելումը կխթանի որսագողությունն ու կխոչընդոտի որսորդական բիզնեսի զարգացմանը. որսորդական ՀԿ-ների դիմումը վարչապետին

ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերին, ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին,

կրկնօրինակըՙ ՀՀ բնապահպանության նախարար Է. Գրիգորյանին
ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններից

Մեծարգո պարոն վարչապետ.

ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են ավելի քան վաթսուն հազար որսորդների, և որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնում 10.05.2019 թ. ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առանչությամբ, ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը:

Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ:
ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնություների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններին՝ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը:

Միաժամանակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել կառավարությանն ու պատկան մարմիններին ձեռնարկվող միջոցառւմներին, հասարակության շրջանում քարոզչական, դաստիրակչական աշխատանքներին, իրենց կազմակերպության անդամներով և միջոցներով աջակցել որսագողության դեմ պայքարի տեսչական աշխատանքններին:

ՀՀ որսորդական կազմակերպությունները և հասարակական նախաձեռնությանները հայտարարում են, որ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլև խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը և խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեծարգո պարոն վարչապետ. ՀՀ որսորդական կազմակերպությունները առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարգավորման, առողջացման և մշակութաբանական խնդիրները ոլորտի մասնագետների և շահառուների անմիջական մասնակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ

x