Նպատակ կա Երևանի տրանսպորտի շարժակազմի շուրջ 10 տոկոսը դարձնել էլեկտրական. մանրամասներ էլեկտրամոբիլների ծրագրից |lragir.am|

lragir.am։ Հայաստանում 2020 թվականին էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների առումով էական տեղաշարժ կլինի: Արդյունքում՝ կավելանա լիցքավորման կայանների թիվը:

 Թե որքանով կավելանա, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի մոնիտորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշեց , որ այս պահին դժվար է ասել, հաշվի առնելով, որ այն ուղղակիորեն կապված է էլեկտրամոբիլների թվաքանակի հետ:

«Ներկայում քննարկման փուլում է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-7»-ի շրջանակներում «Հայաստանում Էլեկտրական շարժունակության» ծրագիրը: Այն նախատեսում է ինչպես էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ստեղծման, այնպես էլ էլեկտրամոբիլների ձեռքբերման հնարավորություն»,-ասաց Լուսինե Ավետիսյանը:

Հանրապետությունում ներկայում գործում է էլեկտրամոբիլի 9 լիցքավորման կայան, որից 4-ը Երևանում է, սակայն այդ կայանների մեծ մասում կարող են լիցքավորվել «Տեսլա» ընկերության ավտոմեքենաները: Նոր նախագծով նախատեսվում է հիմնել ունիվերսալ կայաններ, և մյուս էլեկտրամոբիլները ևս կկարողանան լիցքավորվել: 

Էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնությունը պատահական չէ: Կառավարությունը խնդիր է դրել խթանել Հայաստանում էլեկտրամոբիլների շահագործումը: Դրան ուղղված քայլերից է արտոնությունների տրամադրումը:

Եթե ներկայում գործում է մթնոլորտային օդ արտանետումների համար բնապահպանական հարկից ազատումը, ապա Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել օրենքի նախագիծը, որով ԱԱՀ-ից կազատվի էլեկտրամոբիլի ներմուծումն ու օտարումը: Խոսքը միայն էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների մասին է:

Լուսինե Ավետիսյանը նշեց, որ դա շահագրգռող հանգամանք կարող է լինել: Ինչ վերաբերում է բյուջեի մուտքերի նվազմանը, ապա Լուսինե Ավետիսյանը նշեց՝ քանի որ տարեկան քիչ թվով էլեկտրամոբիլներ են ներկրվում, ապա խոսքը փոքր գումարի մասին է:

Ոստիկանության տվյալների համաձայն Հայաստանում առկա է 15 էլեկտրամոբիլ, որից 7-ը ներկրվել է 2017-ին, 7-ը՝ 2018-ին, և մեկ մեքենա 2019 թվականի առաջին եռամսյակում:

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ Էլեկտրական շարժիչով մեքենաների թվի ավելացմամբ բնապահպանական լուրջ խնդիր է լուծվում՝ կապված օդի աղտոտվածության հետ:

Երևանի քաղաքապետարանը գնում է այն ճանապարհով, որ քաղաքը բնապահպանական տեսանկյունից բարենպաստ վիճակում հայտնվի: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հիշեցրեց քաղաքապետի խոսքն այն մասին, որ Երևանը պետք է ավտոմեքենաների քաղաքից վերածվի հետիոտնի քաղաքի:

«Ահա այս համատեքստում է էլեկտրական տրանսպորտի զարգացումը: Ինչպես գիտեք, աշխատանքներ են տարվում Երևանի տրասնպորտային նոր ցանցի ուղղությամբ: Նախատեսվում է հրաժարվել դիզելային շարժիչներից: Կլինեն գազային շարժիչներ, բայց նաև շարժակազմի շուրջ 10 տոկոսը կլինի էլեկտրական տրանսպորտ:

Դա կլինի ներկա տրոլեյբուսային ցանցի վերազինման և համալրման կամ էլեկտրական ավտոբուսների տեսքով»,-ասաց Հակոբ Կարապետյանը: Հաշվի առնելով, որ էլեկտրական տրանսպորտի ներգրավումն արժեքով բարձր է, արդյո՞ք դա կարող է ազդել ուղեվարձի վրա: Հակոբ Կարապետյանը նշեց, որ նախ դիտարկում են դրամաշնորհներ ներգրավելու հարցը, երկրորդ՝ ուղեվարձի գնային համակարգը լինելու է շատ ճկուն:

x