Քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց որակումներից զգույշ լինել․ ավագանու նիստում քննարկվում է փողոցների անվանափոխությունը |aysor.am|

aysor.am։ Երևանի ավագանու նիստում շարունակվում է քննարկվել Մաշտոցի պողոտան, Մովսես Խորենացու ու Գրիգոր Լուսավորիչ փողոցները անվանակոչել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մովսես Խորենացու ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներ։

Նախագիծը ներկայացրել է «Լույս» խմբակցությունը, որին կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները ևս։
«Իմ քայլը» խմբակցությունը դեմ է։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, թե չի հասկանում՝ որն է խնդիրը։

 

«Որևէ մեկը մեզնից կարծո՞ւմ է, որ Խորենացին, Մաշտոցը կամ Լուսավորիչը սուրբ չէ՞, ասեք իմանանք, որ էդպես եք կարծում, ասեք, ազնվորեն ասեք», - ասաց նա։

Ավագանու անդամը «Իմ քայլը» խմբակցության անդամներին կոչ արեց գնալ ու Հայոց պատմություն կարդալ։

«Մի հատ գնացեք Հայոց պատմություն կարդացեք, ի՞նչն է ձեզ տանջում, եթե փողոցը լինի Սուրբ Մովսես Խորենացու փողոց», - ասաց Հռիփսիմե Առաքելյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ իր հերթին ասաց, թե իրեն ապշեցնում է, որ այս հարցի շուրջ նման դիմադրություւն է տեղի ունենում։
«Եթե կան մարդիկ, որ կասկածի տակ են դնում, որ հիսուն կամ հարյուր տարի հետո կարելի էր կասկածել, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է, կամ Խորենեացին սուրբ է, ուրեմն մեր երկիրը ապագա չունի», - ասաց նա։

Ավագանու անդամի խոսքով՝ երբ լսում է «Իմ քայլը» խմբակցության անդամների արտահայտած կարծիքները, իրեն ապշեցնում է, թե ինչպես մարդիկ կարող են ոչ տրամաբանված կարծիքներ հայտնել։

«Իմ կարծիքով, ձեր խմբակցության հետ լուրջ աշխատանք տանելու ժամանակն է, որ մարդկանց ականջները չհոգնեցնեք անտրամաբանական հարցերով», - ասաց Լյուդմիլա Սարգսայանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց որակումներից զգույշ լինել։
«Ընդհանուր հարգանքի մթնոլորտի համար եմ ասում ու վստահեցնում եմ՝ այստեղ չի քննարկվում այդ մարդիկ սուրբ են, թե ոչ, կասկած ոչ մեկի մոտ չկա, ուղղակի քննարկվում է՝ արդյոք փողոցը վերանվանել, թե ոչ», - նշեց քաղաքապետը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն էլ ասաց, թե ընդդիմություն-իշխանություն պայքար է գնում։

«Պարոն քաղաքապետ, ուղղեք էս սխալը ու թույլ մի տվեք, որ ավագանին մտնի պայքարի մեջ։ Սիրելի գործընկերներ, հասկացեք մեկդ մեկին, սուրբը մնում է սուրբ, մենք սուրբ բառի համար պետք է այսքան պատմություն չսարքեինք ու կարծում եմ՝ եթե սրբերը հիմա կենդանի լինեին, անպայման ձեզանից կնեղանային», - ասաց Արմեն Ներսիսյանը։

x