Գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին», ի՞նչը շարունակենք, ապօրինի կառուցապատումնե՞րը. մարզպետ |armtimes.com|

armtimes.com։ Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Ի սկզբանե առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն նրանցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: 5 թեկնածուներից 4-ը ինքնառաջադրվել են, իսկ մեկը ներկայացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Ինքնառաջադրվել են գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը, Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը, ՔՊ-ի կողմից էլ առաջադրվել է Գրիգոր Գուլյանը: Մայիսից 22-ից մեկնարկել է քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ հունիսի 7-ը: Հունիսի 8-ին լռության օր է, իսկ 9-ին՝ ընտրությունների:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն այժմ արձակուրդի մեջ է գտնվում եւ մասնակցում է ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին, որ քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում:

«Քաղաքական ասելիքի մասով բավականին հագեցած է: Շատ ակտիվ է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շտաբը՝ բակային հանդիպումներ, այցելություններ նաեւ փողոցներում, բակերում քարոզչական աշխատանքներ: Ակնհայտորեն՝ իհարկե դրական իմաստով, աչքի է ընկնում նաեւ ՔՊ-ի թեկնածուի քաղաքական թիմը: Դարձյալ քաղաքական ասելիքի կոնտեքստում կոնկրետ առարկայական մատնանշելով տեղական ինքնակառավարման մակարդակի բացթողումները, ակնհայտ թերացումներն ու առնվազն վերջին 4 տարվա ընթացքում տարված աշխատանքի գնահատականները շատ հստակ հնչեցվում են՝ իրերն իրենց անունով կոչելով»,- ասաց Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետը նշեց, որ մյուս 3 թեկնածուներից մեկն է միայն, որ բակային հանդիպումներ է իրականացնում, իսկ մնացած 2 թեկնածուները պասիվ են եւ իրենց շտաբերի մասշտաբով են գործունեություն ծավալում, որքանով որ ինքն է նկատել:

«Առհասարակ քաղաքական ասելիքի առումով բնականաբար գործող քաղաքապետը ցանկանում է իր աշխատանքները ներկայացնել վարդագույն լույսի ներքո, ինչ-որ թվեր մեջբերել՝ բյուջեի կատարողականը եւ այլն: Բայց աբովյանցին տեսնում է այն, ինչ ունենք, շոշափում է այն, ինչը շոշափելի է եւ հնչեցված թվերի, կատարողականների տոկոսների փոխարեն տեսնում ենք վատթար ներքաղաքային ենթակառուցվածքներ, տեսնում ենք արտոնյալ շրջանակներին օտարված բազմաթիվ համայնքային հողեր, զբոսայգիներ, ապօրինի կառուցապատված խանութներ, դղյակներ:

Այժմ ապօրինի կառուցապատման հոդվածներով արձանագրված են մարզպետարանի վարչական հսկողության ակտում: Տեսնում ենք հողազավթումների բազմաթիվ դեպքեր, որոնք գործող քաղաքապետը իր լիազորությունների, պարտականությունների շրջանակում որեւէ փորձ չի արել առնվազն կասեցնելու: Եթե ոչ լուռ համաձայնությամբ, ապա անտարբերությամբ թույլ է տվել քաղաքում նման իրավիճակի կայացումը:

Այդ դիսկուրսն է գնում այսօր: Պիտի շեշտեմ, որ Աբովյանի քաղաքացիներն արդեն տներից դուրս են գալիս բակ, գալիս են ընդառաջ այլընտրանքային թեկնածուին: 25 տարի քաղաքում ստատուս քվոն եղել է միեւնույն քաղաքական ուժի հովանու ներքո, միեւնույն քաղաքական ուժի թելադրանքով եւ վերարտադրումն էլ բացառապես այդ քաղաքական դաբռոներով»,- նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանի կարծիքով՝ այսօր ստատուս քվո է խախտվում. «Տարօրինակ է, բայց պիտի հնչեցնեմ այս միտքը՝ երկրում կառավարող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի թեկնածուն Աբովյանում այս պահին կարծես ընդդիմադիր գործունեություն է ծավալում: Քանի որ Աբովյանի տեղական ինքնակառավարումը դեռեւս ԲՀԿ-ի ձեռքում է բառի ամենաբուն իմաստով եւ ստացվում է, որ ՔՊ-ի թեկնածուն, ներկայացնելով իշխող քաղաքական ուժը, այս պահին Աբովյանում ընդդիմության կարգավիճակում է եւ ընդդիմադիր քարոզարշավ է անում՝ քննադատելով Աբովյանում տասնամյակներ ղեկավարած ուժի բացթողումները, զանցանքները, ինչպես նաեւ հանցանքները: Բնավ չխախտելով անմեղության կանխավարկածը՝ մենք մատնացույց ենք անում հարուցված 3 քրեական գործերը՝ գործող քաղաքապետի թիմի եւ իրենց գործունեության նկատմամբ:

Վերջինը հարուցվել է մայիսի 27-ին: Ես գլխավոր դատախազությունից ստացա պաշտոնական գրությունը, որը փաստում է, որ Աբովյանում փետրվար-մարտ ամիսներին անցկացված 67 համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների դասական աճուրդների ընթացքում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազը որոշում է կայացրել բեկանել Կոտայքի ոստիկանության մարզային վարչության Աբովյանի բաժնի հետաքննիչի որոշումը՝ գործ չհարուցելու մասին եւ որոշել է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:

ՀԺ-ն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք թեկնածուների ծրագրերը նույնաբովանդակ են, թե հետաքրքիր եւ նոր բաներ են առաջարկվում քաղաքին եւ քաղաքացիներին. «Չէի ասի, որ նույնաբովանդակ են: 2 առավելագույն մասշտաբային քարոզարշավ իրականացնող թեկնածուներից մեկի՝ գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին»: Ի՞նչը շարունակենք 60-րդ հոդվածի հողի օտարումը, ապօրինի կառուցապատումնե՞րը, քաղաքացու մոտ հարցեր են առաջանում: Մեր քաղաքապետի թեկնածուի կարգախոսն է՝ «Քայլ արա՛ Աբովյան»:

Շարունակությունը՝ armtimes.com

x