Վազգեն Ռշտունին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի բողոքի գործով ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Այսօր դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Քոչարյանին դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ անձեռնխելիության հիմքով ազատելուց հետո նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այն այժմ քննում է դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:

Նախորդ դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն ինքնաբացարկ էր հայտնել Ռշտունուն՝ վկայակոչելով լրատվամիջոցներից մեկին նրա տված հարցազրույցը:

Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Ռշտունին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ որպես իրավաբան՝ համաձայն է Ազարյանի որոշման հետ, ուստի քննիչ Մուշեղյանը գտնում է, որ դատավորը այս գործով կարող է կանխակալ լինել:

Այսօրվա դատական նիստին ներկա դատախազներ Վահե Դոլմազյանն ու Կարեն Բիշարյանը ևս միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Կարեն Բիշարյանը նշեց, որ դատավորն անձնական դիրքորոշում է հայտնել քննարկման առարկա հանդիսացող խնդրի վերաբերյալ:

Դատավոր Ռշտունին հարց տվեց՝ արդյոք, ըստ մեղադրող Բիշարյանի, այս բողոքը կարող էին քննել Վերաքննիչ դատարանի այն դատավորները, որոնք նախկինում քննել են Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Կարեն Բիշարյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, թե ինքն այս գործով մեղադրող դատախազ է, և հետագայում իր հայտնած դիրքորոշումը կարող է շահարկվել:

«Ձեր կարծիքով հիմա շահարկվո՞ւմ է»,- դիտարկեց Վազգեն Ռշտունին:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնելիս ասաց, որ իր կարծիքով, ինքնաբացարկի հիմք չկա, իսկ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավորն ինքը պիտի որոշի՝ անաչառ է, թե ոչ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

x