ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու հարցով քննիչ հանձնաժողովը կհանդիպի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հարազատների հետ

news.am: Նախնական պատկերացում կա, թե ովքեր կարող են հրավիրվել հանձնաժողով տեղեկատվություն տալու. Դրանք եւ նախկին պաշտոնյաներ կարող են լինել, եւ ներկա: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, որոնք կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկություններ: Իրավական առումով գուցե շատերը կարող են օգտվել իրենց իրավունքին եւ ասել՝ չենք գալիս, բայց ես ուզում եմ հնչեցնել ամենակարեւոր նկատառումը՝ բարոյական տեսանկյունից որեւէ մեկն իրավունք չունի, եթե կա հարց, շրջանցի եւ տեղեկատվությունը չփոխանցի հանձնաժողովին: Չի կարող այդպես լինել: Համոզված եմ, որ մեծ մասամբ բոլորը էֆեկտիվ կաշխատեն հանձնաժողովի հետ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Նա նշեց, որ արդեն հաջորդ նիստին հստակ կնշեն, թե ովքեր կլինեն առաջնահերթությունների մեջ:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանդիպելու են ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հարազատների հետ. «Նրանք գալու են հանձնաժողով, որովհետեւ մի հսկա տեղեկատվության կրող նաեւ իրենք են: Իրենց երեխաները եւ զանգել են, եւ իրենց ընկերների են պատմել: Բաներ կան, որ իրենց միջոցով էլ պետք է հասկանանք: Զոհերի հարազատները եւ նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակների մեջ»:

x