Էդգար Ծատինյանի մահվան հիմքով քրեական գործը քննում են այն քննչական բաժնում, որտեղ նա խոշտանգվել է․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

hcav.am։ 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։

Է․ Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո։ Նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ քննչական բաժնում նրան ծեծել են և ստիպել սուտ վկայություն տալ՝ թմրանյութը «գրպանը գցելու» սպառնալիքով։

Արդյունքում Է․ Ծատինյանը, քրեական պատասխանատվությունից վախենալով, կուլ էր տվել թմրանյութը և հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց սուր թունավորումից մահացել։ Հարազատները պնդում էին, որ «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվելու պահին վնասված է եղել նրա շրթունքն ու ատամնաշարը, ինչպես նաև աջ ձեռքը, որը դաստակի մասում վիրակապված է եղել փողկապով, ինչը վկայում է, որ քննչական բաժնում նրա նկատմամբ բռնություն են գործադրել։

Քրեական գործ է հարուցվել նաև Է․ Ծատինյանին քննչական բաժնում խոշտանգելու հիմքով։ Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, նրա շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

Հենց խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում էլ տուժող կողմը տեղեկացել էր ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին, իսկ պաշտոնական տեղեկատվություն տուժողը երկար ժամանակ չուներ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա․ Զալյանը 2019թ․ մայիսի 7-ին վարույթն իրականացնող մարմնին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ խոշտանգման հիմքով քրեական գործը դեռևս քննվում է, այսինքն՝ Է․ Ծատինյանի մահվան մեջ Ավան և Նոր Նորք քննչական բաժնի աշխատակիցների մեղավորության մասին ողջամիտ կասկած դեռևս կա, քննիչը կարող է շահագրգիռ անձ լինել և օբյեկտիվ քննություն չապահովել։

Բացի դրանից՝ «Արմենիա» ԲԿ-ում գրանցված մահվան դեպքով, ըստ վարչական բաժանման, քննությունը չպետք է իրականացներ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը, քանի որ հաղորդում ներկայացրած կառույցը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն․ Թոփուզյանը մերժել է բացարկի միջնորդությունը։ Ա․ Զալյանը 2019թ․ մայիսի 23-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Բողոքի մեջ հիմնավորումներ է ներկայացրել քննչական բաժնի՝ շահագրգիռ լինելու և դատախազ Ն․ Թոփուզյանի՝ այդ փաստերի վրա աչք փակելու մասին։

Ավելին՝ hcav.am

x