Որեւէ վարկած բացառված չէ․ քաղաքական, վախի մթնոլորտ տարածելու, գուցե անձնական վրեժխնդրություն |news.am|

news.am։ Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված որեւէ վարկած բացառված չէ, այդ թվում քաղաքական: Այս մասին ասաց Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի մեքենան եւ բնակարանի դուռը հրկիզելու միջադեպին:

«Անկախ իրականացված այս ակտի բուն նպատակից եւ մոտիվացիայից սա միանշանակորեն զազրելի, շատ խիստ քրեորեն պատժելի արարք է: Բուն մոտիվի մասին զերծ կմնամ որեւէ բան ասելուց, բայց որեւէ վարկած բացառված չէ, այդ թվում քաղաքական, այդ թվում վախի մթնոլորտ տարածելու, այդ թվում գուցե անձնական վրեժխնդրության ինչ-որ, ինչը կոնկրետ այդ անձին ճանաչելով քիչ հավանական եմ համարում:

Բայց խոշոր հաշվով ընտրությունների նախօրեին նման քայլը ինչ-որ շրջանակների կողմից դատապարտելի եւ մերժելի է իրավական պետության բոլոր գործիքակազմով»,- ասաց նա:

Մարզպետը նշեց, որ ինքն այս պահին դեպքի վայրում է, այնտեղ ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում:

«Հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, բնականաբար սադրանքի չենք տրվելու, իրավական բոլոր գործիքակազմերով հակադարձելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության: Մենք ոչ մեկի հետ թշնամություն չունենք բացառությամբ զոռբա, ապօրինի եւ հին քաղաքական մշակույթը կրող գործիչների, մեր թշնամին ապօրինություններն են մեր քաղաքում, իրենց օրենքից վեր դասողներն են, քաղաքում իրենց արտոնյալ համարողներն են։ Աբովյանում օրենքի գերայություն լինելու է բառի իրավական, քաղաքական սոցիալական առումներով»:

Մարզպետը հավաստիացրեց, որ միջադեպը չի կարող ապակայունացնել կամ լարվածություն ստեղծել քաղաքում եւ այս միջադեպն ըստ մարզպետի եւս մեկ խթան է աբովյանցիների համար, որ վաղը գնան ընտրատեղամաս եւ քվեարկեն օրենքի գերակայությունը հռչակած թեկնածուի օգտին:

x