«Մարզերի երեխաները մարզերում» նախաձեռնություն․ինչպես ճանաչել Հայաստանը և հայաստանցիներին

Հունիսի 1-ին Գեղարքունիքի Արտանիշ համայնքի երեխաներին հյուրընկալել էին Նոյեմբերյան համայքնի երեխաները։ Առաջիկայում կլինի փոխադարձ այցելությունը՝ նոյեմբեյանցիներին կհյուրընկալեն արտանիշցիները։ Երկու իրարից հեռու, իրարից տարբեր համայնքների 15 դպրոցականների հանդիպումն ու ծանոթությունը միմյանց հետ հնարավոր է եղել Մայիս Մարգարյանի և Արման Յարալյանի շնորհիվ։ Մայիսն ու Արմանը իրենց նախաձեռնությունը կոչում են «Մարզերի երեխաները մարզերում»։ Այսինքն` տարբեր մարզերի երեխաներին, «ինտերնետի սերնդին» կապել իրար։

Մայիս Մարգարյանը, ով «Երազանքի գյուղ Դրախտիկ»-ի նախաձեռնողներից է, պատմում է, որ իր ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, ընկերներից նվերների փոխարեն գումար է խնդրել։

«Ընկերներիս հայտնեցի, որ չեմ ուզում նվերներ, ուզում եմ գումար, որ սենց բան անենք։ Ընկերներս սկսեցին դրամահավաքը, որոշներն էլ մատուցող աշխատեցին ու իրենց ստացած գումարը, թեյավճարները տրամադրեցին մեզ։ Ընդհանուր հավաքվեց մոտ 300 հազար դրամ»,- ասում է Մայիսը։

Նման նախաձեռնություն սկսելը պատահական չի եղել։ Երկար ժամանակ է խմորվել հեղինակների մտքերում։

«Մարզերի երեխեքը ունեն շփման պակաս, լիքը կարծրատիպեր կան։ Ամեն ինչ կենտրոնացած է Երևանում․ երազանքները, նպատակները, հնարավորությունները։ Էդ շփման պակասից մարդիկ չեն ճանաչում Երևանից դուրս գոյություն ունեցող իրենց հայրենիքը։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ հնարավորություն չունեն»,- ասում է նա։

Արման Յարալյանը իրենց նախաձեռնությունը նմանեցնում է էկոտուրիզմին։

«Հայաստանում էկոտորիզմը նույն գործն է անում հասուն մարդկանց հետ, ովքեր սկսում են ճանաչել Հայաստանը և հայաստանցիներին լրիվ այլ անկյան տակ։ Նույնը որոշեցինք անել դպրոցական միջին տարիքի երեխաների հետ։ Առաջին փորձն արեցինք, կարծես թե հաջողվեց»,- ավելացնում է նա։

Արման Յարալյանը, ով ծնունդով Նոյեմբերյանից է, պատմում է, որ իր դպրոցական տարիքում Հայաստանի այլ մարզերի երեխաների հետ շփման կարիքը ինքն անձամբ զգացել է։

«Մարդ կա ամբողջ կյանքում իր համայնքից դուրս չի գալիս, այդ պատուհանից դուրս չի տեսնում աշխարհը։ Շատ է լինում, որ գալիս են Երևան ու չեն կարողանում հարմարվել, շփման խնդիրներ են լինում և այլն։ Շատ կարևոր է հասկանալ, որ այլ աշխարհ ևս կա, լրիվ տարբեր»։

Մայիսն ավելացնում է․

«Շատ մարզերից երեխեք կան, ովքեր Սեւանը, Դիլիջանը, Արարատը և մեր երկրի այլ հրաշքները գրքերում են տեսել միայն։ Սա իրականում աղետ է, որ չեն ճանաչում իրենց հայրենիքը։ Ու գուցե պահ գա, որ չուզեն էլ ճանաչել, ու ամբողջ հետաքրքրությունը կենտրոնանում է միայն Երևանի վրա։ Օրինակ ի՞նչն է խանգարում, որ System of a Down-ի կարգի համերգներ արվեն Գորիսում։ Էս ամենին ինչ-որ ձևով նպաստում է նաև պետական քաղաքականությունը»։

Արտանիշ և Նոյեմբերյան համայնքները պատահականորեն են ընտրվել, սակայն պարտադիր պայման է եղել այն, որ երկու համայնքներն էլ լինեն իրարից շատ տարբեր, որ «երեխաները տեսնեն այն, ինչ չունեն»։

«Արտանիշն ու Նոյեմբերյանը ծայրահեղ տարբեր են իրարից, թե՛ բնությամբ, թե՛ մարդկանց մտածելակերպով։ Էսօրվա երեխան, որ իմանում է՝ ի՞նչ կա իր հայրենիքում, ինչպիսի՞ն է այն իրականում իր տարբեր շերտերով, սկսում է սիրել այն, ճանաչել։ Սիրել իսկական սիրով, ոչ թե պաթոսով։ Ու, երբ գնա բանակ, կհասկանա՝ ինչն է պահելու։ Երբ իրեն կասեն, որ հայ է, կիմանա դա որն է, ինչպիսին է, հայի քանի տեսակներ են լինում։ Դա շատ խորքային հարց է»,-ասում է Արման Յարալյանը։

Արտանիշցի դպրոցականների ընտրությունը կատարել է դպրոցի տնօրենը։ Երեխաների հետ Նոյեմբերյան են գնացել նաև ծնողկոմիտեի նախագահը, եղել է նաև բժիշկ։

«Գումարի մի մասը ծախսեցինք տրանսպորտի ու օրապահիկի վրա։ Նոյեմբերյանցիները աննախադեպ հյուրասիրություն կազմակերպեցին։ Ամեն մեկը երեխեքից մեկին վերցրեց տարավ իր տուն։ Կերակրեցին, պահեցին, ուրախացրեցին»,- ասում է Մայիս Մարգարյանը։

Նոյեմբերյանում արտանիշցիները առաջին անգամ տեսել են խիտ անտառներ։ Երկօրյա արշավի ընթացքում երեխաները հասցրել են ծանոթանալ Նոյեմբերյանի հետ, որի մասին ոչինչ չէին լսել։ Այցելել են համայնքի մշակույթի տուն և գինու գործարան։

«Առաջին օրը արտանիշցիները շատ փակ էին, դժվար էին շփվում։ Բայց, երբ հաջորդ առավոտ ամեն մեկը մյուսի ձեռքը բռնած եկան, հավաքվեցին, շատ ուրախացանք»,- պատմում է Մայիս Մարգարյանը։

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ կարևոր է հակառակ այցը, որ երեխաների մոտ ընկերությունն ավելի ամրանա։

«Ու նաև կարևոր է, որ հյուրընկալող կողմը՝ նոյեմբերյանցիներն էլ Սևանը տեսնեն»,- նշում է Արման Յարալյանը։

Կազմակերպիչները ոգևորված են։ Այս պահին պատրաստվում են նոյեմբերյանցիների արշավին դեպի Արտանիշ։ Հուսով են՝ իրենց նախաձեռնությունը շարունակական կլինի, իսկ աջակցությունը «Մարզերի երեխաները մարզերում»-ին կլինի ավելի մեծ թվով մարդկանցից և ֆոնդերից։

Աստղիկ Գաուդյան

x