ԲՀԿ-ի աջակցությունը միշտ էլ եղել է Վահագն Գևորգյանի նկատմամբ. Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

tert.am: Աբովյան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանն ընտրություններում հաղթելու իր շանսերը բարձր է գնահատում։ 

Թեկնածուն անդրադարձավ նախօրեին իր ենթաշտաբերից մեկի պետի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նրա մեքենան և տան շքամուտքը հրդեհել էին։ Հարցին, թե ունեն որևէ կասկած, թե ով է արել և արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է, նա պատասխանեց, որ չգիտի ովքեր են իրականացրել հանցագործությունը։

«Բայց վստահ եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանք ոչ միայն վնասել են գույքը՝ ավտոմեքենան այրել են և բնակարանի շեմը, այլ նաև փորձել են անդառնալի հետևանք թողնել, բայց փառք Աստծո, անդառնալի հետևանք չի ունեցել, 7 անձ է եղել տանը՝ սկսած երկու տարեկան փոքրիկից մինչև մեծահասակներ ... Մեկնաբանություններ տալ չեմ ուզում, կսպասենք իրավապահ մարմինների արձագանքին, որից հետո գնահատականը կտանք»,-ասաց նա։

Գրիգոր Գուլյանը նշեց, որ իր հիմնական մրցակիցը գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, որը, ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունն է ստանում։

Ի պատասխան հարցի, թե տեղին են համարում այն դիտարկումները, որ մարզպետը նրան աջակցելով՝ վարչական լծակներ է օգտագործում, Գրիգոր Գուլյանը նշեց, որ ուղղակի ճիշտ չեն ընկալում իրավիճակը, քանի որ իր թեկնածությունն առաջադրել է կուսակցությունը։ «Իմ կուսակից ընկերներից յուրաքանչյուրն ունի իր խոսքը, մարզպետն էլ որպես կուսակից ընկեր արձակուրդ է վերցրել ու սատարելու համար կանգնել է կողքիս, պետք է ճիշտ հասկանալ, որ սա կուսակցական թիմի աշխատանք է»,-ասաց նա։

Իսկ այն, որ ընտրություններից օրեր առաջ ԱԱԾ-ն Աբովյանի քաղաքապետարանում կաշառքի դեպքի մասով քրեական գործ է հարուցել, որը նրա ընդդիմախոսները որակում են որպես աջակցություն իշխանության ներկայացուցչի թեկնածուին, Գրիգոր Գուլյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ, քանի որ ԱԱԾ-ն այդ հայտարարության համար հիմք է վերցրել ամիսներ առաջ մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունը։

«Մարզպետարանի իրավասության շրջանակում, մենք համայնքապետարանում իրականացրել ենք մասնագիտական և իրավական հսկողություն, որի ընթացում արձանագրվել են բազմաթիվ, այդ թվում քրեածին խախտումներ՝ սկսած քաղաքաշինական հողերի խախտում, հողազավթումներ, սա ոչ թե զուգադիպություն է, այլ ընթացք է, որը եկել և համընկել է ընտրությունների այս օրերի հետ»,-ասաց նա։

Հարցին, թե գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանի աշխատանքը ինչպես կգնահատի, ՔՊ–ի թեկնածուն ասաց, որ հնարավորություններ կան պետության հետ միասին ծրագրեր իրականացնելու, սակայն Գրիգորյանը չի անում։

«Օրինակ՝ կառավարությունն իր աջակցությունն է հայտնում մարզի համայնքներին, սակայն համայնքի գործող իշխանության կողմից կամք չցուցաբերվեց նման ծրագրերին մասնակցելու համար, մեկ փոքր ծրագրի միայն դիմեցին, մենք այսպես ենք համարել, որ հին քաղաքական մշակույթի կրող են, քանի որ ցանկություն չունեն կյանքի որակի բարելավման նպատակով քայլեր արվեն, մենք դա չտեսանք»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե նրանք, ովքեր կյանքում ոչինչ չեն արել, անողներին քննադատում են և «մուտիլովկաներ» չպետք է անեն, նաև պատասխանելով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն աջակցում է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին, Գրիգոր Գուլյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ է խոսել այդ թեմայով նախկինում՝ ով է աշխատել, ով՝ ոչ, բայց մեր քաղաքական թիմով կառուցողական ենք։ Իհարկե, ԲՀԿ-ի աջակցությունը միշտ էլ եղել է Վահագն Գևորգյանի նկատմամբ»,-ասաց նա։

x