«ՔՊ ներկայացուցիչը, կարելի է ասել, արեց անհնարինը Աբովյանում»․ Արմեն Վարդանյան

Երեկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե: Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջեց 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն: Հիշեցնենք, որ Վահագն Գրիգորյանին չհայտարարված աջակցություն էր ցուցաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:  

Ընտրությունների ընթացքի և արդյունքների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ 

Պրն․ Վարդանյան, ինչո՞ւ պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։

Մեծ հաշվով պարտությունը օրինաչափ է, որովհետև Աբովյանը երկար տարիներ եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության «միջնաբերդը»։ ԲՀԿ-ն այդտեղ բավականին ուժեղ խարսխ է գցել, մեծ ռեսուրսներ ունի և հենց դա էր մեծ հաշվով պատճառը։ Եվ այս ընտրություններում հաղթել այդ «հրեշին» շատ դժվար էր։ Խոսքը մեծ ռեսուրս ունեցող ԲՀԿ-ի մասին է։

Արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» չունի իր մեղքի բաժինը ընտրության արդյունքների համար։ Գուցե քարոզարշավը լավ չէին կազմակերպել կամ գուցե թեկնածուն հարմար չէր։

Չեմ կարծում, իրականում բավականին լավ աշխատեցին ՔՊ ներկայացուցիչները։ Այն, որ ձայների տարբերությունը 400-ի չափ էր, դա վկայում է, որ բավականին լուրջ մրցակցություն է եղել, և ընդամենը մի քանի տեղամասում է հաղթել ԲՀԿ թեկնածուն։ ԲՀԿ թեկնածուն գործող քաղաքապետն էր, որը բավականին մեծ վարչական ռեսուրսներ ունի, նաև Գագիկ Ծառուկյանի հովանավորչությունն է վայելում, որը տարիներ շարունակ Աբովյանում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, ունի բազմաթիվ ձեռնարկություններ, աշխատողներ։ Այս ռեսուրսներին հաղթելը այսօր բավականին բարդ էր։ Ըստ էության ՔՊ կուսակցության ներկայացուցիչը, կարելի է ասել, արեց անհնարինը։ Շատ քիչ էր մնում, որ հաղթեր ԲՀԿ թեկնածուին։ Նախորդ ընտրություններում ես հիշում եմ, որ մեծ ռեսուրսներ ծախսվեց Գևորգյանին հաղթելու համար, բայց էլի չստացվեց։ Բայց այն ժամանակ տարբերությունը զգալի էր, այն ժամանակ նա հավաքեց 11 հազար ձայն, այս անգամ 8 հազար։ Այնպես որ ՔՊ թեկնածուն լուրջ մրցակցություն է ապահովել այս ընտրություններում և շատ մեծ ջանքերի շնորհիվ միայն գործող քաղաքապետին հաջողվեց վերարտադրվել նորից։

Այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Աբովյանում ժողովրդավարությունը հաղթեց։ Արդյո՞ք ճիշտ բնորոշում է սա։

Ազատ արդար ընտրություններ են տեղի ունեցել և ընտրությունների արդյունքը կանխորոշված չէր, դա վկայում է ժողովրդավարության հաղթանակի մասին Հայաստանում։ Կարծես անցել են այն ժամանակները, երբ ընտրույթյունների ելքը նախորոք կանխորոշվում էր։ Շատ հաճախ այդ պատճառով այլ կուսակցություններ թեկնածություն չէին առաջադրում, որովհետև գիտեին՝ ով է հաղթելու։ Տեղամասերում ամեն ինչ բաց, ազատ և թափանցիկ էր։ Ընտրությունների վրա մթագնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետի ավտոմեքենայի վրա հարձակումը, բայց ընդհանուր առմամբ ընտրությունները ազատ և արդար են անցել։ Եվ պատահական չէ, որ ՔՊ-ն որևէ քայլ չի ձեռնարկում, որևէ ցույց, ընդունում են ընտրության արդյունքները։

Ի՞նչ հետևություններ պետք է անի կառավարող ուժը։

Մեծ հաշվով ՏԻՄ ընտրությունները այդքան էլ կուսակցականացված չեն։Դրանք ավելի շատ անձի ընտրություններ են։ Մանավանդ գյուղերում, որը ավելի շատ ռեսուրս ունի, մեծ բարեկամություն ունի, ազգակցական կապեր ունի, նա էլ ընտրվում է։ Հիմա ասել՝ ՔՊ-ն պարտություն է կրել, մի քիչ սխալ կլինի։ Իսկ ընդհանուր առմամբ շատ լավ է, որ մեզ մոտ միակուսակցական համակարգ չէ։ Տարբեր կուսակցություններ ևս կան, այդ թվում նաև արտախորհրդարանական։ Գովելի է դա։ Նախկինի նման չէ, որ քաղաքապետրի, գյուղապետերի 90 տոկոսը Հանրապետական էին լինում, մի 10 տոկոսն էլ այլ կուսակցությունից, որն էլ պայմանավորվածությունների արդյունք էր լինում։ Այնպես որ, ոչ մի արտառոց բան չկա։ Գուցե ՔՊ-ի համար է ծանր, գուցե ինչ-որ հետևություններ կանեն, բայց պետության ժողովրդավարության տեսանկյունից նույնիսկ գովելի է, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են զբաղեցնում ՏԻՄ պաշտոնները, ինչը լճացման չի տանում։


Աստղիկ Գաուդյան

x