ԱԽ-ն շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է. ՌԴ ԱԳՆ

Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես ձեզ հայտնի է, Սիրիային Գոլանի բարձունքների պատկանելության հարցում Ռուսաստանի Դաշնությունը սկզբունքային դիրքորոշում ունի: Սա հաստատված է ՄԱԿ ԱԽ 1981 թվականի 497 բանաձեւով: Գոլանի բարձունքների վրա իր ինքնիշխանության տարածման Իսրայելի որոշման հակաիրավական բնույթի մասին մեր գնահատականն անփոփոխ է»,- ասել է Զախարովան:

«Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է»,- հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման անհրաժեշտության մասին: «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- նշել էր նա Twitter-ում:

Թրամփի հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել այցին: Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Նեթանյահուն Վաշինգտոն կայցելի, որտեղ նախատեսված է Թրամփի հետ 2 հանդիպում: Ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, հաջորդ շաբաթ ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը:

Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը:

news.am

x