Բռնության 1090 հաշվառված դեպք՝ մեկ տարում. ի՞նչ կփոխի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը |factor.am|

factor.am։ Ընտանեկան բռնության 1.090 հաշվառված դեպք՝ մեկ տարվա ընթացքում: Բռնարարներից 135-ը կին է, 955-ը՝ տղամարդ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի կարծիքով՝ այս թիվը մտահոգիչ է: «Մտահոգիչ է, որովհետև եթե կա այդքան բռնարար, ուրեմն կա այդքան բռնության ենթարկված անձ։

Փաստորեն, եթե մենք նշում ենք 1090, ուրեմն 1090-ի մեջ կանայք են, տղամարդիկ, ծերեր և, բնականաբար, երեխաներ։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում մեկից ավելի երեխա կա, և եթե երեխան նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության է ենթարկվում։ Նա տեսնում է այդ տանը տեղի ունեցող ծեծն ու ջարդը»,- ասաց Նելլի Դուրյանը։ Հայաստանի իշխանություններն ու Եվրոպայի խորհուրդը տվեցին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ու դրանց կանխարգելման, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված ծրագրի մեկնարկը:

Նելլի Դուրյանի խոսքով՝ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարևոր փոփոխություն կբերի՝ հատկապես բռնության ենթարկված անձանց՝ Ոստիկանություն դիմելու գործընթացում։ «Ասում են՝ չէ՞ որ Ոստիկանություն էր դիմել, ինչու՞ ոչինչ չարեցին, և մենք ի պատասխան ասում ենք, բայց չէ՞ որ տվյալ անձն իր բողոքը հետ է վերցրել։ Կոնվենցիայի հոդվածներից մեկով, եթե նույնիսկ անձը ցանկություն ունենա բողոքը հետ վերցնել, ընթացքը գնալու է, քրեական գործ է հարուցվելու, եթե համապատասխան հիմքեր լինեն»,- ընդգծեց Նելլի Դուրյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ բռնության կանխարգելման հարցում միայն օրենսդրական կարգավորումները բավարար չեն: «Մեր մեկ տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք խնդիր ունենք՝ նախ աջակցության ժամկետների հստակեցման, հաշվառման կարգի հետ կապված, որը նաև օրենսդրական բացի հետևանք է։ Նաև աշխատողների վերապատրաստման խնդիր ունենք։ Այս ծրագրի շրջանակում մենք պետք է վերապատրաստենք սոցաշխատողներին։

Բոլոր ոլորտներում աշխատող մասնագետները կրթության կարիք ունեն։ Շատ կարևոր է հանրային իրազեկման գործառույթը»,- նշեց Զարուհի Բաթոյանը։ Ըստ նրա՝ խնդիրը լուրջ է հատկապես մարզերում բնակվող կանանց պարագայում: Նախարարի համոզմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մի շարք կարևոր առավելություններ կտա։ «Կոնվենցիայի վավերացումը նախ շատ լուրջ հնարավորություն է տալիս՝ օրենսդրությունը վերանայելու, ժամանակին աջակցություն տրամադրելու։

Այն նաև հնարավորություն է տալիս, որ Հայաստանը դառնա մոնիթորինգի խմբի անդամ, որից կարող է աջակցություն հայցել, թե ծրագրերի քաղաքականության վերանայման գործընթացը որքանով է արդյունավետ եղել, ինչպիսի խնդիրներ կան, և այս իմաստով միջազգային աջակցությունը շատ ավելի մեծ կլինի»,- ընդգծեց նախարարը։ 

Շարունակությունը՝ factor.am

x