Ակնկալում էի, որ կշարունակեմ պաշտոնավարել, այդուհանդերձ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այլ մարդու է տեսնում պրոռեկտորի տեղում. Մենուա Սողոմոնյան

«Համալսարանական հարգելի գործըներներ, սիրելի ուսանողներ, ընկերներ,

Այսօրվանից դադարեցնում եմ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պարտականություններս՝ հաստիքի լուծարման կապակցությամբ: Ես ծանուցվեցի աշխատանքային պայմանագիրս լուծվելու մասին և ինձ առաջարկվեց դիմումով ազատվել, ինչպես և եղավ: Թեև ակնկալում էի և լիարժեք պատրաստ էի, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, այդուհանդերձ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այլ մարդու է տեսնում որպես այդ պարտականությունների կատարող»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է այօսր աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը.

«Առհասարակ կյանքի հանդեպ իմ մոտեցումներից ելնելով՝ այնքան էլ ծանր չեմ տանում այն փաստը, որ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում աշխատեցի ընդամենը երեք ամիս. չափազանց կարճ ժամանակահատված համալսարանի ողջ ուսումնական պրոցեսը խորությամբ ընկալելու և ավելին՝ ծրագրային աշխատելու համար: Ափսոսում եմ դրսևորվելու հնարավորություններ չունենալու համար. այդուհանդերձ հասցրեցի, իմ գործընկերների հետ միասին, մեկ-երկու կարևոր պրոցես առաջ տանել: Առաջինը կրթական ծրագրերի մոնիթորինգին է վերաբերում. այս հոկտեմբերից ԵՊՀ բոլոր մագիստրոսական ծրագրերը կանցնեն մոնիթորինգի ընթացակարգով, ինչն անչափ կարևոր է:

Մյուսը վերաբերում է քաղպաշտպանության դասընթացի և գնահատման կազմակերպմանը. համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ դասերը կկազմակերպվեն առավել ինտերակտիվ մեթոդով (քայլեր են կատարվել խմբերը փոքրացնելու և տեխնիկական որոշ միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ), քննությունների տեսական մասը ուսանողները կհանձնեն թեստով, գործնական մասը՝ պրակտիկ առաջադրանքի կատարմամբ: Փորձեցի իմ համեստ ներդրումն ունենալ նաև դասախոսների որակավորման բարձրացման նոր ծրագրի հերթական փուլի կենսագործմանը: Նկատելի է նաև որոշ գաղափարների արդեն իսկ շրջանառումը համալսարանում, գաղափարներ, որոնք, մասնավորապես թրծվեցին համալսարանական բարեփոխումների հանձնաժողովում, ինչպիսին, օրինակ՝ հումանիտար-հասարակագիտական բլոկի համար լսարանային բեռնվածության նվազեցումն է:

Հայտնում եմ, որ մնում եմ Համալսարանում. շարունակում եմ դասավանդել և մասնակցելու եմ դասախոսների վերապատրաստման գործընթացին: Առհասարակ շարունակում եմ մնալ համալսարանական պրոցեսների մեջ և ունեմ այդ պրոցեսների վրա դրականորեն ազդելու հավակնություններ: Դրա հիմքը մեկ տասնամյակի փորձառությունն է համալսարանական կրթության կազմակերպման մեջ, բարձրագույն կրթության շատ խնդիրների, օրենսդրական բազային բավական քաջածանոթ լինելը, օտար լեզուների իմացությունը, տեղեկատվական-հաղորդակացական տեխնոլոգիաների օգտագործումը վարչարարության և դասավանդման մեջ, սերտ ու լայն կապերս համալսարանական ու արտահամալսարանական մասնագետների, փորձագետների հետ, ոչ հանիրավի վաստակածս հարգանքն ուսանողների շրջանում, մարդկանց հետ հարաբերվելու հմտություններս:

Շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցած բոլոր գործըներներիս, առաջին հերթին պրոֆեսոր Արամ Սիմոնյանին՝ այս տարիներին իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում հասցրել եմ նեղացնել»,-եզրափակել է Սողոմոնյանը

Հիշեցնենք, ավելի վաղ Երեւանի պետական համալսարանի 3 պրոռեկտորներ՝ Արսեն Բաբաջանյանը, Մենուա Սողոմոնյանը եւ Ռուբեն Մարկոսյանը ազատվել էին զբաղեցրած պաշտոններից:

x