armtimes.com։ Մեր տեղեկություններով, Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը նույնպես ազատ է արձակվել:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նշեց, որ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխելու արդյունքում: Նման որոշման կայացման հիմք է հանդիսացել ռիսկերի նվազմամբ պայմանավորված՝ նախնական կալանքի հիմքերը վերանալու հանգամանքը: Աբրահամյանը նշեց, որ Տարոն Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ իր պաշտպանյալը խնդրել է իր վերաբերյալ տեղեկություն չհրապարակայնացնել:
Նշենք, որ այս գործով այժմ կալանքի տակ է միայն Սամվել Ադյանը, որը երկու օր հետո ազատ կարձակվի: Ավելի վաղ ազատ էր արձակվել նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը:
Տարոն Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակլեը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նա կալանավորվել էր փետրվարին: