Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցները պնդում են՝ չեն կարող աշխատել գործող տնօրենի հետ |pastinfo.am|

pastinfo.amԱգարակի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենն աշխատակիցներից մեկ ամիս ժամանակ է խնդրել՝ ուսունասիրելու աշխատակիցների ներկայացրած պահանջները։ Այս մասին հայտնեց աշխատակիցների շահերի պաշտպան, փաստաբան Մարիամ Աբրահամյանը։

Հինգշաբթի գործարանի սեփականատիրոջ հետ հանդիպման ժամանակ աշխատակիցները ներկայացրել էին իրենց պահանջները՝ այն է փոխել ղեկավարությունը և կնքել նոր աշխատանքային պայմանագրեր։ Որոշվել է ստեղծել ստուգող-հանձնաժողով, որն էլ կզբաղվի հարցով, իսկ մինչ այդ տնօրենը հորդորել է աշխատակիցներին սկսել բնականոն աշխատանքները։

«Նրանք, սակայն, այդ մեկ ամիսն էլ չեն ցանկանում աշխատել գործող տնօրենի հետ և պահանջում են նոր տնօրեն։ Այս պահի դրությամբ դա աշխատակիցների համար մեկ պահանջն է, որն էլ կքննարկեն այսօր ժամը 6-ին կայանալիք հանդիպման ժամանակ», -  ավելացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ արդեն մի քանի օր է, ինչ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցները գործադուլ են իրականացնում։

Ավելի ուշ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ բողոքի ակցիաների միջոցով նրանք բարձրաձայնում են մի շարք հարցեր մասնավորապես աշխատանքի անվտանգ պայմաններ ստեղծելու, աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի պարտականություններն իրականացնելու վերաբերյալ։

«Պայմանագրով աշխատողներին սահմանված աշխատավարձերը ճիշտ չեն հաշվարկվել։ Գործատուն անտեսում է այսօր գոյություն ունեցող աշխատանքային պայմանագրի դրույթները», - նշել էր Մարիամ Աբրահամյանը։

x