Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 (թարմացվող)
01:19 - 24 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 (թարմացվող)

00։02- Տոկիոյի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով կհետաձգվեն մեկ տարով, հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դիկ Փունդը: |bbc.com|

 

23։26- Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

20:26- Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ։ Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններին
հանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը։ Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը: |aliq.ge|


19:50- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 61-ի, նրանցից 8-ն արդեն բուժվել է: Այս պահի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների կարանտինային գոտում է 3320, հատուկ ուշադրության ներքո՝ 235 մարդ: |aliq.ge|


18:55- Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում։ Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրում վարակակիրների թիվը ներկա պահին 30 089 մարդ է. վերջին մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 16 տոկոսով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 2355 մարդ է գտնվում, 3555-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2182-ի: |tert.am|


18:25- Վրաստանի կառավարությունը երկրի ներսում նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա։ [Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |news.am|


17։25- Կորոնավիրուսի վարակի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՄՆ մի շարք նահանգներ որոշում են կայացրել ազատ արձակել մանր զանցանք կատարած, մեծահասակ ու հիվանդություններ ունեցող բանտարկյալներին։ Անցած շաբաթ Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն ևս հայտարարել է, որ քաղաքի իրավասության տակ գտնվող բանտերից ազատ կարձակվեն «խոցելի» բանտարկյալներ։

 

16։42- Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: Ռուսական առաքելությունը բաղկացած է մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից: |armenpress.am|

 

15:49- Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

15:40-Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը: Սիրիայում մարտի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: |armenpress.am|

 

15:20- Հարավային Կորեայում մարտի 23-ի ժամը 03:00-ի դրությամբ  կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961: Այս մասին տեղեկացնում է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Նոր արձանագրված դեպքերի թիվը 64 է: Գրանցվել է նաև մահվան 7 նոր դեպք: Կորոնավիրուսից այս երկրում արդեն մահացել է 111 մարդ: Ապաքինվել է 3 հազար166 մարդ: 
|armenpress.am|

 

14:35- Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման համար ձեռնարկվելիք գործողությունները պետք է էլ ավելի խստացվեն։ Արգելվել է ցանկացած տեսակի գործունեություն։ Կշարունակեն աշխատել միայն երկրի գոյատևման ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ մատուցող ընկերությունները։  Վարչապետը նաև նշել է, որ գալիք օրերն ավելի դժվարին կլինեն, քանի որ իրենք դեռ չեն հասել վարակի տարածման կիզակետին․ թվերը կշարունակեն աճել։ Ջուզեպպե Կոնտեն հավելել է, որ  սպասում են, որ ձեռնարկված միջոցների արդյունքները կդառնան տեսանելի մոտակա օրերին։

 

14:25- Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ։ |ermenihaber.am|

 

13։33 - Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ:
|armenpress.am|

 

12։35 - Մարտի 21-ին Անգլիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է կորոնավիրուսի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Վերջիններս խրոնիկական ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ  են, որոնց կոչ է արվել առնվազն 12 շաբաթով մեկուսանալ և շփվել միայն իրենց մասին հոգ տանող անձանց և բուժաշխատողների հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ խմբի բոլոր մարդիկ կծանուցվեն նամակով կամ հեռախոսային կարճ հաղորդագրությամբ։ Խոսքը գնում է մոտավորապես 1,5 միլիոն մարդու մասին։

 

12։28 - Ըստ մարտի 23-ի տվյալների` Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 165 000 թեստ, գրանցվել է 438 դեպք։ 17 անձինք առողջացել են։

 

12։23 - Եվրոպական հանձնաժողովը մարտի 22-ին հայտարարել է, որ 3 միլիարդ եվրո կփոխանցի Պորտուգալիային, որը կուղղվի կորոնավիրուսի բռնկման պայմաններում միջին ու մանր բիզնեսին՝ որպես աջակցություն։

 

11։17 - Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել է տուն։ Հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ [ Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսով] 

 

11։14 - Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիոյի  Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնել է Կանադայի ԱՕԿ-ը: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: 
|armenpress.am|

 

11։07- Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև տարեվերջ: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Ի սկզբանե այն պետք է կայանար մայիսի 17-30­ը Սլովենիայում, սակայն մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր և տեղի կունենա այդ ամսվա 8-21-ը: |armenpress.am|

 

10։56- Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ  կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ վարակակիրների թիվն ավելացել է 289-ով։ Այսպիսով 20․345 թեստի արդյունքում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք։: Համավարակի պատճառով մահացած նշյալ 30 հիվանդները եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։  |ermenihaber.am|

 

10։55- Վրաստանում Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն: Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են: Նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի: |aliq.ge|

 

10։48- Ռուսաստանը, կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: Թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում՝ Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից։ |armenpress.am|

 

10։44- Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված, Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիս ամսին: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

 

09։52- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ |hetq.am|

 

09։48- Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքով՝ Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսի ևս 5 վարակակիր: Վրաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը 8 է: |aliq.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել