Սիրանուշ Փիլոյանը, ընդունելով Գևորգ Բաբայանի՝ «Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։
Ճամփորդություն, տուրիզմ․ լավագույնը՝ լավագույններից, ամենադժվարը՝ հեշտերից, հեշտը՝ դժվարներից։
Շատ բիզնեսներ կարելի է թաքցնել տուրիզմի անվան տակ ու վաճառել։ Այս բառը գրավիչ է, հուզիչ, վստահություն ներշնչող։
Շատ եմ սիրում առաջին օրը՝ խմբերիս կամ անհատներին հանդիպելու ընթացքը։ Անվստահ վստահությամբ լի հայացքները։ Իրենք քեզ չգիտեն, բայց շատ մեծ հույս ունեն, որ կարդարացնես իրենց սպասումները, գուցե տարիներով հավաքած գումարն ու ամենաթանկը՝ ժամանակը։
Դու երբեք սա չես իմանա, երբեք չես տեսնի այս վախն աչքերում, եթե ինքդ չլինես ճամփորդ։ Ինքդ չվախենաս վերոգրյալների կորստից։
Շատ տեղեր կկարդաս, բազմաթիվ դասընթացների (թրեյնինգների) կմասնակցես․ քեզ կպատմեն բոլոր այս «ճիշտ» կանոնները, որ պետք է զբոսաշրջիկի հետ շփվելու համար, բայց մենակ, երբ ինքդ քեզ կկորցնես, կվախենաս, կհիասթափվես, այդ ժամանակ կզգաս, թե իրենք ինչ են զգում ամեն անգամ քեզ տեսնելիս․ «Hi I’m… (name)» ասելիս։
Ճամփորդելիս էլ պետք է խախտել օրենքներ։ Օրենքները լավ իմանալով, պետք է խախտել։
Ճամփորդելը լավագույն կրթության ձևերից է, եթե ոչ լավագույնը։ Այն մի մեծ պլաստիրին է, որն ամեն երկրից հետո մի փոքրիկ թերություն կոծկում է քո մեջ։
Հարյուրավոր երբեքներ են գլորվում գրողի ծոցը, երբ ճամփորդում ես։ Աշխարհը մեծանում է, իսկ դու փոքրանում ես, որ վաղն էլի մեծանաս։
Մարդը ճամփորդության ընթացքում դառնում է խիզախ, անում բաներ, որ գուցե երբեք չէր էլ իմանա, որ ի վիճակի է։ Մարմնի, հոգու ու մտքի «շպագատ է» ճամփորդությունը։ ԹրԱվել- թռնելով ավլել։ Թռնելով կարելի է ավլել ներսդ։ Ոնց տունդ ես կոկիկ պահում, ներսդ էլ պետք է թրԱվել անել։
Գալիս ես Հայաստան ու հետո վաճառում երկիրդ։ Ուզում ես առաջինն ինքդ քեզ կարողանաս վաճառել այն, որ մյուսներն էլ գնեն, մյուսներն էլ զգան այն, ինչ դու ես զգում պանիրը տաք լավաշի մեջ դնելիս, թթի օղու հոտից երազկոտ դառնալուց, լոլիկին վարունգի հետ ընկերացնելիս ։
Դու ավելի շատ ես սկսում զգալ երկիրդ ճամփորդելիս։ Որովհետև անթիվ ճամփորդների հետ թաքուն խոսել ես, թե իրենք ինչ են փնտրում ճանապարհներին։ Երբեմն, որպես զբոսավարի, հյուրերը ամաչում են անկեղծ ասել, թե ինչ են մտածում, ինչ են փնտրում, մտածելով՝ կնեղսրտես։ Իսկ երբ դուրսն ես, նույն անհամապատասխան հագուստով, մի քիչ խառը մազերով, քիչ կամ շատ գումարով թափառելուց, անպայման հանդիպում ես քեզ պես մարդկանց, որոնք չափազանց ազնիվ են։ Իսկ լավագուն ծառայություն մատուցելու, ճիշտ վաճառքի համար անկեղծ մարդիկ անգին են։
Ժամանակաշրջանի հետ ճամփորդները փոխվում են, իրենց փնտրածը՝ ևս։
Նախկին երիտասարդները, որոնք օրվա ճաշի համար մի կերպ գումար էին հայթայթում, այսօր արդեն ավիատոմս են ամրագրում։
Ճամփորդների նոր հոգեբանություն է առաջանում աշխարհում։ Ամեն տարի սովորածդ օրենքները պետք է մի քիչ ծռես, նոր ձև ստանաս, երբեմն ուրիշ գույնի ներկես, որպեսզի կարողանաս մնաս, դրոշմվես իրենց մտքում։ Եթե դու դրոշմվում ես, դրոշմվում է նաև Հայաստանը։ Չենք մոռանում ամենակարևորը։
Ես հաճախ եմ Հայաստանի փոխարեն մտածում։ Եթե ես լինեի Հայաստանը, ինչ կասեի այն մարդկանց, որոնք վաճառում են ինձ։
Գուցե նեղանայի։ Հայաստանը հաճախ նմանվում է գեղեցիկ կնոջ, ում միայն գեղեցիկ ոտքերն են նկատում ի դեմս վանքերի։ Չէ՞ որ գեղեցիկ կինը կարող է ունենալ փխրուն հոգի, սիրուն աչքեր, մատներ և այլն․․․
Հայաստանը բազմաշնորհ կին է։ Կարելի է անվերջ հիանալ, «վաճառել» ու երբեք չկորցնել։
Հայաստանը պետք է վաճառվի որպես luxury ուղղություն աշխարհում։
Գիտեմ այս տողն ընթերցելիս մտածեցիք՝ այս աղջիկը որքան միամիտ կարող է լինել նման բան առաջարկելու համար։
Շնորհակալ եմ, որ շարունակում եք ընթերցել։
Մենք մեր չափերով, տեսարժան վայրերի տեղադրությամբ ու հասանելիությամբ զանգվածային տուրիզմի թիրախ չենք կարող լինել։ Ու ընդհանրապես մեզ դա պետք էլ չի։ Ոտքի տակ առնվող Գեղարդ չես ուզում տեսնել։ Կներեք, որ այս մեկ տողով անցա դու-ի, պարզապես ցանկացա ավելի շատ հասնեմ տեղ իմ այդ տողով։
Մենք պետք է «արգելենք» մարդկանց Հայաստան գալ, որպեսզի այն դառնա ավելի գրավիչ։
Խորվաթիայի տեսարժան վայրերից մեկում էի, գիդն ասաց՝ UNESCO-ն ամեն տարի այստեղ այցելող մարդկանց թիվ է սահմանում։ Այդքանից ավել չեն կարող այցելել։ Այդ պահին, երբ այնտեղ էինք, սահմանված թիվը դեռ չէր լրացել։ Միանգամից շատ մարդկային մի զգացում պատեց իմ էգոն։ Ես ինչ շատ բախտավոր զգացի, հաջողակ ու նման լիքը ծեծված էմոցիաներ, որոնք վաճառում են մեզ օրը 24 ժամ։
Մարդկանց պետք է համոզել, որ իրենք շատ բախտավոր են, որ Հայաստանում են։ Իրենք այդ քանակի հաջողակներից են։ Երբ մարդիկ իրենց հաջողակ են զգում, պատրաստ են մի քիչ ավել վճարել այդտեղ մտնելու համար։
Ինչո՞ւ luxury։ Չնայած այդ բառն իմ սերնդակից ճամփորդների համար կամաց-կամաց փոխվում է ճամփորդական ինդուստրիայում։ Հարուստ ու ինտելեկտուալ երիտասարդները չեն սիրում այդ բառակապակցությունը։ Փոխարինում են ինտելեկտուալ թրավել, գիտակցված թրավել և այլն։
Նոր եկող luxury կատեգորիան նախընտրելու է շատ վճարել փորձառության համար, ոչ թե բրենդային հյուրանոցների։ Ախ, այդ հյուրանոցները։
Որպեսզի սպասարկենք վերոնշյալ «արժեքավոր» հաճախորդին, պետք է ունենալ հետաքրքիր հյուրանոցներ։ Ճոխ չէ, հետաքրքիր, կոլորիտային, հարմարավետ։
Հավատացեք, ամբողջ կյանքում Four Seasons-ում կամ Ritz-Carlton հյուրանոցներում անցկացրած մարդուն շատ քիչ բաներով կարելի է զարմացնել ճոխության հարցում։ Իրենց ուղեղներն արդեն բավականաչափ լայնացած է այդ հարցում։ Իրենց կարելի է զարմացնել լինելով ուրիշ։ Երբ Գորիսում, Դիլիջանում և այլ քաղաքներում հյուրանոցները կլինեն այդ քաղաքին համահունչ, ներսն այդ քաղաքը հիշեցնող։ Այնպիսի միջավայր, որ ուզենաս կպնել, մատներիդ ծայրով հետդ տանել ու փոխանցել ընկերներիդ։ Բաբայանը լավ ասեց՝ պարծենալ։ Այնպիսի միջավայր, որ անկախ քեզնից հեռախոսդ հանես ու նկարես։
Իմ նշած մարդիկ շատ զուսպ են հիմնականում։ Իրենք շատ բան են տեսել ու ուզում են պահել այդ նշաձողը։ Իսկ երբ կհայտնվեք մի անուշ գյուղատանը, որը տուրիստներով չի բուրի ու մի անուշ տատիկ, կնճիռների արանքում ամենաանկեղծ ժպիտը թաքցրած իրենց ուտելիք կմատուցի, կտեսնեք, թե ինչպես է ձեռքը գնում դեպի հեռախոսը՝ պահը անմահացնելու համար։ Իմացեք՝ դուք հաղթել եք։ Իմացեք՝ Հայաստանն այդ պահին հաղթեց իրենց ճամփորդական օրագրին։
Շատ կարևոր է վաճառել չտրորված տարածքներ, մարդկանց փորձառություններ։
Լինելով փոքր երկիր, չունենալով ծով և այլ գրավիչ բնական ռեսուրսներ (քավ լիցի, ես կարծում եմ՝ Հայաստանը հրաշք է, բայց լինենք ռեալիստ), մենք պետք է գաղափարներ վաճառենք։ Երբ ճամփորդները նստում են սեղանի շուրջ զրուցելու, մտքեր, տպավորություններ փոխանակելու, ամենից շատ ու ամենից ոգևորված խոսում են այս կամ այն երկրում տեսած գաղափարի մասին։
Մեզ պատմություններ է պետք վաճառել։
Գիտե՞ք Բութանը ինչու է այդքան գրավիչ ճամփորդների համար։ Առեղծվածային է, անհասանելի թվացող։ 1970-ականներից է հասանելի զբոսաշրջիկներին։ Մի քանի տարի է, ինչ իմ շատ «արժեքավոր» զբոսաշրջիկներ պնդում են, որ ուզում են գնան Բութան։ Շատ բան չգիտեն այդ երկրի մասին, ուղղակի նրանց հետաքրքրում էր։ Հետաքրքիր է փաթեթավորված։
Հայաստանն էլ կարող է դառնալ այդ անհայտ հետաքրքիրը, տարածաշրջանի Բութանը։
Այստեղ կարող ենք վաճառել մեկուսացում, խաղաղություն, երջանկություն, համեղագույն ուտելիքներ և այլն։ Այսօր այդ ամենի համար մեծ գումարներ են պահանջում ճամփորդներից։
Շատ զբոսաշրջիկներ հաճախ ինձ ասել են, որ իրենք անչափ երջանիկ են իրենց զգում այստեղ։ Այդ ամենը բացարձակապես կապ չունի շքեղ հյուրանոցների, հուշահամալիրների և այլնի հետ։
Վերոնշյալ Բութանում երկրի տնտեսական չափաձև ընտրված է ոչ թե GDP (Gross Domestic product-համախառն ներքին արդյունք)-ը, այլ օգտագործում են GNH (Gross National Hapiness-համախառն ազգային երջանկություն)-ը, որպես չափման միավոր։
Այս տողերը գրելուց հետո որպես ճամփորդ ցանկությունս ավելացել է այցելել Բութան։ Շատ բան չգիտեմ այդ երկրի մասին, բայց ուժեղ կպել են սրտիս այս տողով, սրտի մարքեթինգ են արել։
Արագ պետք է չափել Հայաստանի համախառն ներքին երջանկությունը, փաթեթավորել ու վաճառել։
Կարծո՞ւմ եք ասածս ռոմանտիկ է հնչում։ Իմացեք՝ ճամփորդների գերակշիռ մասը ճանապարհներին հենց ռոմանտիկա են փնտրում։
Հոդվածը սկսել եմ գրել, երբ տուրիզմը դեռեւս հուսալի վիճակում էր և նախատեսվում էր տուրիստական ահռելի հոսք։ Երբ ամեն բան վերադառնա իր նախկին հուն, չպետք է մոռանանք, որ մեզ հզոր մարքեթինգ է պետք, գաղափարների հստակ փաթեթ, համագործակցություն բնագավառի ներկայացուցիչների հետ, միասնականություն, այլապես 10 տարի անց Հայաստանը կդառնա տուրիստախեղդ ուղղություն ու լիքը բան այլևս հնարավոր չի լինի «փրկել»։
comment.count (0)