Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․05․20 (թարմացվող)
00:03 - 09 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․05․20 (թարմացվող)

23։58- Մինչև կորոնավիրուսը մենք ունեցել ենք տնտեսական աճի շատ բարձր տեմպեր: 2019 թվականին արձանագրեցինք ՀՆԱ-ի 7,6 տոկոսի աճ: 2020 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով մենք ունեցել ենք 8,4 տոկոսի աճ: Իհարկե, կորոնավիրուսային համաճարակը հարվածեց մեր տնտեսությանը, և մենք արդեն աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա: Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում: Ավելի քան մեկ միլիոն ՀՀ բնակիչ արդեն ստացել է հակաճգնաժամային աջակցություն, այս կամ այն մակարդակի օժանդակություն: Կարծում եմ, որ մենք դեռ կարողանում ենք հաղթահարել այս ճգնաժամը։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|


23։00- Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 7 գնանկում:
Միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 67 դրամ կամ 12.6% և կիտրոն 1կգ՝ 34 դրամ կամ 10.2% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 34 դրամ կամ 5.1%, սոխ 1կգ` 17դրամ կամ 4.8%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%, բենզին 1լ՝ 10 դրամ կամ 3.2%, դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2.9%, հնդկաձավար 1 կգ՝ 6 դրամ կամ 0.8% և ոսպ 1կգ՝ 2 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]


21:00- Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ։ 

Կապ է հաստատվել ԱՆ հետ և կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը։ Պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, իրականացվել է մեկուսացում: Կան նաև ինքնամեկուսացված անձինք։


20:05- Սահմանվել է Նոր Վերինշեն համայնքի վարչական սահմաններ և Չափնի գյուղ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


20:00- ԱՀ ոստիկանությունն այսօր, ժամը 12:00-ից հետևյալ վայրերում տեղադրել է հատուկ անցակետեր.
◾️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
◾️Նոր Վերինշեն համայնքից Նոր Մանաշիդ համայնք տանող ճանապարհին:


16:17- Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:  Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:


17։33 - COVID-19-ի հետևանքով մահացած գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ] 

 

13։56 - Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3 -ով․ ունենք լավացման 24 դեպք ։Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]

 

13։47 - Կորոնավիրուսի ռիսկային խմբի անձնակազմը տանն է։ Ժամկետային զինծառայողների կազմում դեպքեր գրեթե չունենք։ Վարակակիրները երկու տասնյակ են՝ երևանամերձ զորամասերի նախկին օջախներից։ Ընդամենը 3 բարդացում ունենք, անգամ ոչ միջին ծանրության։ [Դավիթ Տոնոյան] |news.am|

 

13։30 - Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք:

➡️ Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր, որից առողջացել են 164 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս պետրոսյան]

 

12։58 - Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց կոմիտե կամ բանկ այցելելու։ [ՊԵԿ]

 

12։52 - ԱՀ ԱՆ փոխանցմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է Արցախում COVID-19-ով անձանց համար  մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

12։08 - Վաղը փակ է լինելու Եռաբլուրը և Հաղթանակի զբոսայգին։ Վարակի չտարածելու հրամայականը պահպանելով՝ տեղի են ունենալու  բացառապես արարողակարգային միջոցառումներ, մասնավորապես ժամը 10։30-11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը Հաղթանակի զբոսայգի։ Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ կայցելեն նաև մեր վետերանները։ 
 [Գաբրիել Բալայան]

 

11։ 21 -Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում՝

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 10
Առողջացածներ - 6
Փաստացի բուժվողներ -4
Ընդհանուր թեստեր - 316
Մահվան ելքեր - 0
[Արցախի տեղեկատվական շտաբ]

11։ 01 - Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։ [ԱՆ]

 

11: 00 - Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում՝

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3029 (+145)
Առողջացածներ - 1218 (+33)
Փաստացի բուժվողներ -1758
Ընդհանուր թեստեր - 29205
Մահվան ելքեր - 43 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով – 10 (+1) [ԱՆ]

 

9: 46 - ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը, ինքնամեկուսացած  է՝ 7-ը, մեկուսացած է՝ 6-ը։ [Ֆելիքս Ցոլակյան] |armenpress.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել