Այս փուլում ԱԺ-ում հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանում․ Տիգրան Ավինյան |hetq.am|
17:18 - 14 մայիսի, 2020

Այս փուլում ԱԺ-ում հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանում․ Տիգրան Ավինյան |hetq.am|

hetq.am: Պարետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ այս փուլում Ազգային ժողովում հավաքը ամենառիսկային բան է, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Այսպիսի հայտարարություն արեց փոխվարչապետը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն հարցին, թե պատգամավորների համար ԱԺ նիստեի դահլիճում դիմակ կրելը պարտադիր լինելու՞ է, թե՞ բացառություններ կլինեն:

Մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում դիմակների կրումը:

«Բացառությունների մասին խոսել պետք չէ, որովհետև նույն խորհրդարանում և կառավարությունում վարակը տարածվել է: Ասեմ ձեզ ավելին՝ այս փուլում այս հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Սակայն այս հավաքը տեղի է ունենում, քանի որ այլընտրանք չկա: Մենք՝ և պատգամավորները, և՛ կառավարության անդամները պետք է առավելագույնս զգոն լինենք ու ծառայենք որպես օրինակ, քանի որ ՀՀ քաղաքացիները մեզ տեսնում են, և այո՛, պետք է պարտադիր կրել դիմակներ»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Պարետը նշեց նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը միջին օրական մահերից թվից ցածր է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող գնալ վատ փորձ ունեցած երկրների սցենարով, երբ միջին օրական մահերը եռապատկվեն, օրինակ՝ 200 մահ, որոնից 100-ից ավելին կորոնավիրուսի պատճառով:

«Մենք այս պահին ունենք կորոնավիրուսի պատճառով 49 մահվան դեպք, սակայն կանոնների չպահպանումը կարող է բերել նմանատիպ հետևանքների: Այս առումով մենք պետք է հնարավորինս խիստ լինենք և հնարավորինս պետք է խիստ լինենք նաև պետական համակարգում գործող և պատասխանատվության ենթարկող մարմինների հետ»,- շեշտեց փոխվարչապետը:

Հավելենք, որ կառավարության մայիսի 14-ի որոշմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել