Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը
08:16 - 22 մայիսի, 2020

Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Բակո Սահակյան,
Մեծաշուք տիկին Անահիտ Սահակյան,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան,
Մեծաշուք տիկին Քրիստինե Հարությունյան,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահներ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք.

Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի` Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակաշրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ:

Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել. Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ:

Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը:

Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումը համարել արցախահայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումներն ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապետության: Եվ սա իրականություն է:

Բայց իմ կարծիքով` նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է: Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողության խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված չէ նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում:

Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդվելու և առաջնորդելու հնարավորությունն է:

Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է:

Մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով:

Սա չափազանց կարևոր, չափազանց կարևոր նրբություն է, որ ուզում եմ բոլորս արձանագրենք: Մտածողության փոփոխությունն էր, որ բերեց 2018 թվականի ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով և հաղթական արդյունքից:

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը ծագել է երկուհազարականների երկրորդ տասնամյակում և դրանով առաջնորդվել են Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ամենատարբեր խմբեր ու անհատներ: Բայց այդ կարգախոսն առանց վանկարկելու՝ 90-ականների առաջին կեսին կյանքի են կոչել Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, մեր ընկած և կենդանի ազատամարտիկները՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում:

Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը:

Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն ի զուր են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար:

Եվ ընդհանրապես, շարունակելով մտածողության փոփոխության թեման, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա: Սովորաբար ինքներս մեզ, մեր անելիքն ու առաքելությունն ընկալում ենք մի քանի տարվա, երբեմն տասնամյակի, երբեմն մի քանի տասնամյակի, երբեմն ավելի վատ, անգամ ամիսների ու շաբաթների կտրվածքով: Սա օբյեկտիվորեն հասկանալի է, քանի որ առօրյա խնդիրները, հոգսերը, օրակարգը, նաև քննադատություններն ու խարդավանքները մեզ պարտադրաբար դնում են նման վիճակի մեջ:

Այնպիսի վիճակի մեջ, երբ մենք իրավիճակը սկսում ենք ընկալել նախորդ և հաջորդ ընտրությունների համատեքստում, իսկ ընտրությունից ընտրություն ժամանակը շատ արագ է թռչում, մանավանդ, որ ժողովրդավարական հանրության մեջ ընտրությունները հաճախ են և բազմապիսի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել