Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է
16:47 - 22 մայիսի, 2020

Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Մայիսի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կա գործող 44 սպանդանոց, որից ծառայություն  է մատուցում 19-ը: 

Infocom-ը որոշեց պարզել, թե պարտադիր սպանդանոցային մորթի որոշման ընդունման նախնական փուլում սպանդանոցների ինչ քանակ էր նշվում, և ինչ բաշխվածություն ունեն վերջիններս՝ ըստ ՀՀ մարզերի:

Նախ նշենք, որ 2020 թվականի  հունվարի 15-ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը անցավ սպանդանոցային մորթի խիստ հսկողության, որից հետո, ի պատասխան քաղաքացիների դժոգության , Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 23-ի դրությամբ կա թվով 40 գործող սպանդանոց, որոնք ընդգրկում են բոլոր  մարզերը: 

2020 թվականի հունվար ամսին չէր նշվում, թե 40 գործող սպանդանոցներից քանիսն են ծառայություն մատուցում, սակայն անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան նշվում էր, որ գործող 25 սպանդանոցների հզորությունը կարող է բավարարել Երևանի մսի պահանջարկը, իսկ առաջիկայում պետք է շահագործման հանձնվեր ևս 23 սպանդանոց, որոնք ի վիճակի կլինեին ծածկել ողջ հանրապետության պահանջարկը:

Սակայն կառավարության երեկվա նիստում խոսվեց ծառայություն մատուցող 19 սպանդանոցի մասին, որոնք չեն համապատասխանում նախկին հայտարարություններին, որտեղ խոսվում էր արդեն գործող 25 սպանդանոցի և 23 կառուցվող սպանդանոցների մասին: 

Այնուամենայնիվ,  միայն բաց աղբյուրների՝ մասնավորապես Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղադրված սպանդանոցների ցանկի հիման վրա փորձենք հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ծառայություն մատուցող սպանդանոցներն  ինչ բաշխվածություն ունեն և ինչ ծառայություններ են մատուցում:

Ինչպես տեսնում ենք գրաֆիկից՝ Արագածոտնի մարզում, ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում հրապարակված ցուցակի, կա ծառայություն մատուցող մեկ սպանդանոց, որն իրականացնում է միայն խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում չկա սպանդանոց, որը կիրականացնի խոզերի մորթ:

Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում  5 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ:

Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ:

Արարատի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի Արարատի մարզում նույնպես չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց:

Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում  3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երեք սպանդանոցներից մեկը շարժական է, որը նույնպես իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:

Տավուշի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ:

Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ:

Շիրակի մարզում չկա ծառայություն մատուցող սպանդանոց:

Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ:

Երևանում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնցից մեկն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ, իսկ մյուսը միայն ճագարի մորթ:

Այսպիսով՝ ծառայություն մատուցող սպանդանոցները բաշխվածությամբ չեն ծածկում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը: Բացի այդ, կան մարզեր, որոնք ունեն սպանդանոցներ, սակայն սպանդանոցները ճկուն չեն և չեն իրականացնում բոլոր տեսակի կենդանիների մորթ: Օրինակ՝ Արագածոտնի, Արարատի մարզերում և Երևանում չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց, իսկ Շիրակի մարզում ընդհանրապես ծառայություն մատուցող սպանդանոց չկա:

Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը:

Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել