Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
23:04 - 01 հունիսի, 2020

Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Շուրջ մեկ ամիս առաջ՝ այս տարվա ապրիլի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2002թ․ օգոստոսի 22-ի «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» և «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշումները: 

Կառավարությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի պնդմամբ, չի հաստատել նոր կանոնադրություն, ու կառույցը, որն, ըստ էության, կոչված է նպաստել ՀՀ մշակութային ժառանգության պահպանմանը, կանխել ու կանխարգելել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ապօրինի ներմուծումն ու մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումն ու նպաստել միջազգային մշակութային համագործակցության և փոխանակությունների զարգացմանը, մեկ ամիս է՝ իր լիազորություններն ու գործառույթներն իրացնելու համար չունի կանոնադրություն։

Բացի այս՝ օրեր անց՝ մայիսի 6-ին, ՀՀ վարչապետը ստորագրել է համապատասխան որոշում, որի համաձայն էլ այս մարմինը պետք է վերակազմավորել որպես պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն․ որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 16-ին, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությամբ զբաղվող մարմինն այժմ արդեն վարչություն է։

Այս որոշումների շուրջ զրուցեցինք վարչության պետ Արմեն Աբրոյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ որն է դրանց նպատակն ու ինչ խնդիրներ են ծառացել ոլորտում ու գործակալության առաջ։

Աբրոյանը մեր զրույցում ասաց, որ վերոգրյալ որոշումներն ընդունվել են ոչ բացահայտ՝ գաղտնի կերպով․ «Փաստորեն, հիմա գործակալություն չկա, եւ գործառույթներ չկան, գործակալությունը վերաձեւակերպվել է որպես վարչություն։ Ստացվում է՝ մենք աշխատակիցներ ենք՝ ուղղակի որպես ընդունված աշխատող, բայց թե ինչ պաշտոնով կամ ինչ իրավասություններով ենք աշխատում, կամ ով լիազորություն ունի հանձնարարականան տալու, ում, չգիտենք, եւ որեւէ գործի համար պատասխանատվություն չունենք»։ Վարչության պետը կարծում է՝ այս քայլերն ուղղված են բնագավառի ակնհայտ, ուղղորդված քայքայմանը՝ փորձ անելով հապճեպությամբ եւ գուցե նաեւ սխալներով «ազատվել իրենից»։

«Հիմա մենք՝ որպես վարչություն, եւս վերկազմակերպված չենք, մեր պաշտոնների անձնագրերը չունենք եւ գործակալության կամ վարչության կամ գրասենյակի կամ որեւէ կոմիտեի կարգավիճակ, ստացվում է, չունենք։ Այսօր զրկված եմ հանձնարարական կատարելու իրավասություններից, որի համար վերադարձնում եմ մեր բոլոր հանձնարակակնները, որոնք ինձ տալիս են ընթացք ստանալու համար»։

Թե որն է այս գործելաոճի պատճառը՝ մեր զրուցակիցն արձանագրեց, որ ոլորտում վաղուց օրենսդրական բացեր կան․ տասից ավելի ենթաօրենսդրական ակտեր մշակված չեն, եւ հեղափոխությունից հետո էլ այդ բացը չի լրացվում։ Եւ դեռ ավելին՝ որոշ օրենսդրական կարգավորումներ, որոնք ինքը ներկայացրել է, իր խոսով՝ որեւէ կերպ ընթացք չեն ստացել․

«Առաջարկներ ներկայացվել են, բայց դրանց հետագա ընթացքը մեղմ ասած չեղարկվել է որոշ պաշտոնյաների՝ հատկապես նախարարի տեղակալի եւ նախարարի խորհրդականի ոչ կոմպետենտ լինելու պատճառով։ Մասնավորապես, ոլորտի լիցենզավորման մասին օրենքով նախատեսվում է, որ պատմության եւ մշակույթի հուշարձանների պատմական միջավայրի պահպանության բնագավառն ունենա լիցենզավորված գործունեություն, այսինքն՝ մասնագիտական գործունեության կանոնակարգում, կառավարում եւ այլն։ Սակայն, ցավոք, սա ընթացք չի ստանում»։ 

Սա, ըստ Աբրոյանի, «օբյեկտիվ» պատճառ ունի․ իրավասու անձինք չեն կարողանում օրենսդրական ակտեր մշակել, նրա համոզմամբ՝ կա նաեւ գիտելիքների ու կամքի բացակայություն․

«Մարդիկ չեն կարողանում, տեղում չեն, եւ ավելին՝ դա թողած՝ գործակալության գործառույթներով են զբաղվում՝ ցույց տալով, թե իրենք որեւէ աշխատանք են կատարում։ Եւ սա անում են օրենսդրության, մասնագիտական, սահմանված ռեժիմների, պահանջների խախտման պայմաննեորով»,- ասաց մեր զրուցակիցը՝ օրինակ բերելով «Հին Երեւան» նախագիծը, որի մասին Աբրոյանը բարձրաձայնել էր դեռ 2019 թվականի հունվարին՝ Երեւանի քաղաքապետարանին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեին մեղադրելով նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի եւ մայրաքաղաքի պատմական տարածքում կառուցապատում իրականացնող գործարար Վարդան Սրմաքեշի «հանցախմբի» հետ համագործակցելու մեջ․

«Օրինակ, «Հին Երեւան» ծրագրում ապօրինի շինարարությունները, որոնք իրականացվեցին տարիներ շարունակ, մենք չենք համաձայնել, որովհետեւ ռեժիմի խախտումներ կային, եւ ներկայացնելով գիտամեթոդական խորհրդի որոշ քանակով քվեարկության, այն էլ՝ հարցումով, դրական եզրակացություն տրվեց։ Դրական եզրակացություն տրվեց քաղաքի կենտրոնում՝ Տեյրան 5 հասցեում կառուցապատմանը, որին գործակալությունը դարձյալ դեմ է եղել, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ բարձրահարկի կառուցմանը՝ եթե չեմ սխալվում՝ մոտ 70 մետր, որին գործակալությունը կրկին համաձայնություն չի տվել։ Ես այդ ամենում տեսնում եմ որեւէ ռիսկ»,- ասաց Աբրոյանը՝ նկատելով, որ եթե սա առաջ էլի գործակալության անհամաձայնությամբ էր արվում եւ քաղաքապետարանից նույնիսկ նախարարություն չէր գալիս՝ համաձայնեցման, ապա այսօր նախարարություն գալիս է, եւ փորձում են ստիպել, որպեսզի գործակալությունը եւ ինքը եւս համաձայնվեմ․ «Իսկ դա չի եղել անգամ նախկինում, երբ իրենք չկային»,- շեշտեց Աբրոյանը։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ բիզնես գործունեություն ծավալող անձինք փորձում են նախարարության միջոցով գործակալությանը համոզել որեւէ տեղում շինարարություն անելու հարցո՞ւմ, որը գուցե դուրս է օրենքի սահմանների՞ց, գործակալության պետը պատասխանեց՝ ոչ միայն բիզնեսմենները, այլ նաեւ պաշտոնյաներն են փորձում ազդել, որպեսզի ստանան այդ համաձայնությունները․ 

«Շարունակում է խաթարվել մայրաքաղաքի պատմական միջուկը։ Եւ ավելին՝ նախարարությունը նման կանոնադրական գործառույթ չունի․ այդ գործառույթը կառավարության որոշմամբ եղել է գործակալությանը։ Մշտապես փորձել են գործակալությանը խոչընդոտել եւ իրենց կամքը կամ ցանկությունները, «լավություն»  անելու գործառույթը իրականացնել, ցավոք սրտի»։

Թե ինչու է որդեգրվել այս քաղաքականությունը, ըստ Աբրոյանի, բազմաթիվ պատճառներ կան, որոնցից մեկ-երկուսը նա ներկայացրեց մեր զրույցում։ Դրանց թվում են ներդրումային քաղաքականությունը, հուշարձանների տարածքների սահմանման դրույթների խնդիրները, որոնք, մեր զրուցակցի խոսքով, հիմնականում շահեր սպասարկելու, իրար ծանոթ-ընկեր-բարեկամ պահելու նկատառում ունեն․

«Օրինակ, տարիներ շարունակ հուշարձանների տարածքները չեն սահմանվել, բայց դրանց անձնագրերում պետք է սահմանվեն տարածքներ։ Դա իրավական այն փաստաթուղթն է, որով նշագծվում է՝ դա է հուշարձանի տարածքը, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն վնասել։ Սակայն երկար տարիներ դրանք չեն մշակվել, տարիներ շարունակել բարձաձայնել ենք խնդիրը, բայց գոտիները մշակվել են հուշարձանների տարածքների չափով՝ փոխանակ տարածքների շուրջ լինեն ու ապահովեն պատմական միջավայրը։ Բազմաթիվ են նման դեպքերը։ Այդպիսին է նաեւ պեղումների բնագավառը․  պեղումներից հետո ամրակայումները պարտադիր են, քանի որ երբ հուշարձանը պեղման միջամտության է ենթարկվում, դրանից հետո ավելի է արագանում հուշարձանի քայքայումը։ Սակայն հնագետները, արշավախմբերը, որոնք ձեռնարկողի պարտականություն են ստանձնում, չեն ամրակայում, չեն կոնսերվացնում տվյալ հուշարձանը։ Կա այդպիսի հստակ պահանջ, բայց նախկինում եղած ընկերական աջակցությունը պահելու համար տվյալ գործառույթների ոչ օրենսդրական լինելը թաքցնելու փորձ է արվում․ չեմ ասում բոլոր դեպքերում, բայց մեծամասամբ։ Մեր աչքի առաջ քայքայվում են այդ հուշարձանները, բայց թվարկածներս թաքցնելու փորձ է արվում»,- մեր զրույցում շեշտեց Աբրոյանը։

Ինչ վերաբերում է ներդրումային քաղաքականությանը՝ վերջինս փորձեց ենթադրյալ օրինակով ներկայացնել իրավիճակը։ 

«Օրինակ՝ մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի բակում, մեկն ուզում է 50 հարկանի հյուրանոց կառուցել, ներդրում է, չէ՞»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- «Բայց չի կարելի իբրեւ ներդրումները խթանելու համար ենթադրյալ ապօրինի շինություն կառուցելու գործընթացը շարունակել։ Բայց մարդիկ գտնում են միջոցներ։ Մասնավորապես, գործակալության Երեւանի տարածքային պետ Կարո Այվազյանը, գիտամեթոդական խորհրդի միջոցով փորձում են սահմված գոտիների նախագիծը համարել ոչ իրավաչափ եւ այլն, որեւէ ինտրիգով, որեւէ կերպ, մի քանի ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից կարծիքներ հավաքելով, եզրակացություն ստանալով, շրջանցելով գործակալության կարծիքը, եզրակացությունը՝ նախարարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում, ու այդպիսով նախագծերին պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին համաձայնություն է տալիս»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ որպեսզի ցույց տան՝ բիզնեսին զարկ են տալիս, խթանում են ներդրումային միջավայրը, միջամտում են գործակալության գործառույթներին, կամ առանց կառույցի կարծիքը հաշվի առնելու՝ թույլտվություննե՞ր են տալիս, Աբրոյանը դրական արձագանքեց․

«Գործակալությունն ասում է՝ չի կարելի, իրենք, մի դեպքում ցույց տալու համար, որ ներդրում է, մյուս դեպքում՝ գուցե ծանոթ-ընկեր-բարեկամ հարաբերություններով առաջանորդվելով՝ փորձում են տալ համաձայնություն»։

Վարչության պետից հետաքրքրվեցինք նաեւ՝ նախարարության հետ այս հարցերը բաց եւ մանրամասն քննարկե՞լ են։ Աբրոյանը պատասխանեց, որ ոչ միայն քննարկել է, այլ դիմել է վերադաս կազմին, նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը՝ հայտնելով, որ պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման  բնագավառը ԿԳՄՍ նախարարությունում շարունակվում է վտանգված մնալ:

Պաշտոնյան դիմումում ներկայացրել է մեր զրույցում հիշատակված խնդիրները՝ նշելով, որ իրականացվել և իրականացվում են բնագավառի քայքայմանն ուղղված գործողություններ, լիազորությունների խախտմամբ գործառույթներ և անօրինականություններ, որոնք վնասել և շարունակում են վնասել բնագավառը, հուշարձաններն ու պատմական միջավայրը։

Դիմումը, սակայն, ըստ էության ընթացք չի ստացել։ Դատախազության պատասխանում նշված է եղել միայն, որ ձեռնարկված ուսումնասիրությունների արդյունքներով միջնորդագիր է ներկայացվել նախարարություն, որում ի թիվս այլ հարցերի նշվել է նաև հնագիտական հետախուզական աշխատանքների և պեղումների թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև դրանց իրականացման ուսումնասիրության ընթացքի և արդյունքների նկատմամբ պատշաճ, արդյունավետ հսկողությունը ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի թիվ 438 որոշման պահանջներին համապատասխան ապահովելու և այդ գործընթացում պաշտոնատար անձանց լիազորությունները
հստակեցնելուանհրաժեշտության վերաբերյալ:

Լուսանկարում՝ Արմեն Աբրոյանը, լուսանկարը՝ Hetq.am-ի։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել