Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․06․20 (թարմացվող)
21:56 - 06 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․06․20 (թարմացվող)

21։52- Սիրելի' քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Քանի որ այս  ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը: [«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանց] 

 

21։30- Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը՝ վերակենդանացման բաժնում: Կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր: [Նիկոլ Փաշինյան]

 

21։03- Արդեն մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված: Սիրելի հայրենակիցներ, հատել ենք այդ եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է։ Անհրաժեշտ է իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակամահամաճարակային քայլերում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

20։30- Ծառայություն ենք իրականացնում բոլոր փողոցներում, բոլոր բակերում, ինչու չէ՝ միջպետական ճանապարհների վրա։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանումը, սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Լինում են դեպքեր, հատկապես երիտասարդության շրջանում, երբ փորձում են ոստիկանի օրինական պահանջը չկատարել, պարետատան կողմից հաստատված իրավական ռեժիմը չպահպանել, սակայն շատ պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը ոստիկանի հանդեպ պարզապես արհեստական լարվածություն ստեղծելն է։ [ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ Վաղինակ Մինասյան] |armenpress.am|

 

20։20- ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ԱԱՏՄ-ն տեղեկացրել է ոստիկանությանը։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։

 

20։13- Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած: [Գեղարքունիքի մարզպետարան]

 

19։42- «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։ [Արդարադատության նախարարության խոսնակ]

 

19։19- Մենք գործ ունենք հակահամաճարակային կանոնների այնպիս չպահպանման հետ, որ եթե հիմա Հայաստանի բնակավայրերի հատվածները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, հանդիպումները և խնջույքները տեղափոխվելու են հարևանների տներ, և մենք հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք կամ առնվազն արգելափակումները բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 500, 600, 700 նոր դեպքի։ [Նիկոլ Փաշինյան]

 

19։14- Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք եզրին՝ որոշում կայացնելու հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլև առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ  այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների։  [Նիկոլ Փաշինյան] 

 

19։10- Երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։ [Նիկոլ Փաշինյան]

 

19։08- Ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Ուշացման պատճառը երկակի է․ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով։ [Նիկոլ Փաշինյան]

 

19։05- Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։ Մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում   տեղավորել հիվանդանոցներում։ [Նիկոլ Փաշինյան]

 

18։57- ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։

 

18։32- 10 օրվա ընթացում մենք Արցախում կունենանք համապատասխան լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ։ [ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Արցախում կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիայի բացակայության մասին հարցին ի պատասխան]

 

15։53- Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի՝ Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները: Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի: [Արցախի տեղեկատվական շտաբ]

15։49- 72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ։ [ՍԱՏՄ]

15։32- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1058 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ [ՀՀ ոստիկանություն]

15։30- Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության և դեղամիջոցների տրամադրման հարցեր։ ուրաշկոն Արսեն Թորոսյանին տեղեկացրել է COVID-19-ի բուժման նոր առաջարկվող մեթոդների, ինչպես նաև ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցման մասին:  |armenpress.am|

14։54-Հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը):  

Հաշվառումը կմերնարկի հունիսի 8-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

14։47-Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ 

Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։ [Արսեն Թորոսյան]

14։13-Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: 

Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը  փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք  վարակվածներ։

Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները: [Նիկոլ Փաշինյան]

Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: 

Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը  փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք  վարակվածներ։

Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները: [Նիկոլ Փաշինյան]

11։50- Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է:

11։49-  COVID-19 վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին:
Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]

10։53-Թարմացվել է  06.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 12364 (+547)
Առողջացածներ - 3720 (+207)
Փաստացի բուժվողներ -8385 (+333)
Ընդհանուր թեստեր - 66674 (+1513)
Մահվան ելքեր - 190 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –69 [ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել