azatutyun.am: Պատգամավորների 1/4-րդի նախաձեռնությամբ վաղը Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է հրավիրվել, այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Օրակարգում 2 հարց է` Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը», - մանրամասնեց Հովակիմյանը` հավելելով, որ ՍԴ մասին օրենքի փոփոխություններով այս օրենքը համապատասխանեցվում է 213 հոդվածին:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Ալվինա Գյուլումյանը, ինչպես նաև մյուսները պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են, իրենք կդիմեն ՄԻԵԴ:

ՍԴ մասին օրենքի նախագծում, մասնավորապես, ասված է. «Անհրաժեշտ է նաև կատարել օրենքի և նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի մի շարք համապատասխանեցումներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես` Հրանտ Նազարյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի), Ֆելիքս Թոխյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի) և Ալվինա Գյուլումյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի, մասնավորապես` 1996-2003թթ. և 2014-2020թթ.) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ»: